Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանը և սովածի ահաբեկչությունը

Սերժ Սարգսյանը և սովածի ահաբեկչությունը

Ցանկացած քննիչի համար մուրազ է իր հանցանքը առաջին իսկ հացաքննության ժամանակ խոստովանողը: Սերժ Սարգսյանը մուրազ է: Իր նախագահության առաջին իսկ ասուլիսում այդ մարդը բացառիկ խոսովանություն է արել համապետական մակարդակով կատարված հանցագործության մասին: ՀՀ բնակչության 37 տոկոսն աղքատ է,- ասել է նա: Ճիշտ է, բառացի 1/3-ի մասին է խոսել, բայց համաձայնեք, որ 3 միլիոն ժողովրդի համար այդ թիվը հենց 530-550 հազար մարդկանց մասին է։

Հայտնի է, որ ըստ պաշտոնական տվյալների, նախագահի ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է մոտ 37 տոկոս քվե: Այսինքն, նրա օգտին, ըստ Սերժ Սարգսյանի խոստովանության, քվեարկել են միայն աղքատները: Մյուս 7 թեկնածուների օգտին`միջին խավը և հարուստները: Այս տրամաբանությամբ ոչ մի քվե չի կեղծվել: Րաֆֆին ստացել է իր «արդար» 37 տոկոս աղքատների քվեն: Ոչ մի բարոյական պատճառ չկա գործող նախագահին դեմ քվեարկելու, միայն աղքատությունը: Բացառիկ խոստովանություն կա այդ մարդու բառերի արանքում: Քրեագետները հենց այն բանի համար են, որ նման խոստովանությունից վերականգնեն հանցագործության իրական պատկերը: Սերժ Սարգսյանն ուզում է ասել, որ հայերը վրիժառուներ են և գործող նախագահից վրեժ են լուծում իրենց աղքատության պատճառով: Այսինքն, համարյա բաց տեքստով է ասում`քվեն աղքատների ահաբեկչությունն է իշխանության հանդեպ:

Անձամբ ես դա հասկանում եմ այսպես`երկրում կա ահաբեկիչների հսկա բանակ: Նրանք ունեն ձեռք ու ոտք: Զինված չեն, բայց շատ վտանգավոր են այս երկրի համար, նրանք վտանգում են իշխանության վերարտադրությունը: Հիմա դուք հասկանու՞մ եք, թե ինչու է ԱԱԾ-ն վերջին տարիներին իր բան ու գործը թողած ՀՀ քաաքացիների մեջ ներքին թշնամի փնտրում: Ընդ որում, այս «թշնամի» բառը կոնսպիրացիա է, խոսքն իրականում ահաբեկիչների մասին է: Իսկ ամբողջ աշխարհում ինչպե՞ս են վարվում ահաբեկիչների հետ`վեացնում են նրանց: Այսինքն, դեռ մի բան էլ մարդասիրության հետ գործ ունենք, ամբողջ աշխարհում ահաբեկիչներին վերացնում են, մեզ մոտ ահաբեկիչները քվեարկում են։

Մարդը մի ինքնախոստովանությամբ ուրվագծել է պետության առաջիկա 5 տարիների քաղաքական կուրսը`պայքար ահաբեկչության դեմ: Իհարկե պայքար ոչ բնաջնջելու իմաստով, բայց թույլ չտալ, որ նրանց ձայնը, նրանց քվեն դառնա վճռորոշ։ Անձամբ ես թույլ չէի տա, որ այդպիսի ահաբեկիչներն իշխանություն ունենային։ 530 հազար ահաբեկիչ 3 միլոնանոց երկրի համար, խոստովանենք, շատ է:

Իսկ ձեր կարծիքով ու՞մ էր ոչնչացնում Ստալինը: Իհարկե, ահաբեկիչներին: Ես ապշում եմ, որ Սերժ Սագսյանը հայ ժողովրդին համախմբման կոչ չի արել ընդդեմ երկրի ընդհանուր թշնամու`37  տոկոս աղքատության: Այսինքն, որ միայն Հանրապետականի գոյությունը բավական է, որ ցանկացած իշխանություն պարտվի ցանկացած ընտրություններում, հաշիվ չէ, Մհեր Սեդրակյանի և Սամվել Ալեքսանյանի ներկայությունն ԱԺ-ում բավարար չէ, որ պարտվեն, աղքատությունը հիմնական պատճառն է: Այսինքն, միջին խավը այլ երազանք չունի, երազում է աղքատ չլինել:

Ներողություն, մենք պետությա՞ն մասին ենք խոսում, թե՞... Ազգային ժողովում զրուցում եմ ՀՀԿ-ական պատգամավորների հետ։ Առաքել Մովսիսյանը, Համլետ Հարությունյանը ընդդիմությանը կոչ են անում համախմբվել իշխանության հետ «պետության կարգավիճակի զարգացման համար»։ Այսինքն, համախմբումն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է իշխանությանը։ Ինչու՞։ Շան գլուխն այստեղ է թաղված։ Համախմբումը բացառում է կեղծիքների մասին խոսակցությունը, համախմբումը պահպանում է 37 տոկոս աղքատության ստատուս քվոն, համախմբումը կտրում է արտագաղթն ու կոռուպցիան։ Սերժ Սարգսյանն ասուլիսին ասել է. «Մարդիկ լույս ու հույս չեն տեսնում, որովհետև երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, սևացնում են»։ Հասկանու՞մ եք, երեք նախագահ ենք ունեցել, երեքն էլ նույն նախադասությունն են ասել։ Իրենք մենակ են, մյուսներին կարելի է հաշվել հազարներով և ուզում են, որ իրենք ճիշտ լինեն։ Ինչու՞։

Ինչու՞ է Սերժ Սարգսյանը համոզված, որ «երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, հանցագործները չեն, այլ գաղջ մթնոլորտը»։ Որովհետև գաղջ մթնոլորտը լրատվամիջոցներն են ստեղծում, իսկ հանցագործներին ու կաշառակերներին՝ ոչ։ Լրատվամիջոցները հենց հանցագործներին ու կաշառակերներին բացահայտելով են վերծանում իշխանության պահպանման մեխանիզմները, իսկ մարդը մեղադրում է լրատվամիջոցներին։ Ինչու՞։ Այնուամենայնիվ, ինչու՞ է այդ մարդը այսքան համոզված, որ ճիշտ բաներ է ասում։ Որովհետև նա խոսելիս գրպանում փող չունեցողի վրա շեշտադրումներ չի անում, չի կարողանում իրեն նույնացնել սովածի հետ։ Որովհետև չի կարող իրեն թույլ տալ մտածել, որ սովածի քվեն վճռորոշ է։ Դրա համար պետք է մեղավորներ գտնել։ Նաև դա չի կարող թույլ տալ, ահաբեկիչ են, բայց մեղավոր չեն, մեղավորը լրատվամիջոցներն են, որոնք մեր սովածից ահաբեկիչ են սարքել։

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում