Մարտի 18-ին լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով (վերաբերում է 2013-2017 թթ.) չապահովի 7% տնտեսական աճ, պետք է հրաժարական տա, և կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն՝ ավելի մեծ աճ, քան գնաճն է հանրապետությունում, պետք է հրաժարական տա: «Կառավարությունում հիմա լրջությամբ քննարկվում է 2013թ., այսինքն՝ այս տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը: Կարծում եմ, որ այդ բարձրացումը լինելու է շոշափելի: Այնտեղ քննարկվում է նաև թոշակների բարձրացման խնդիրը»,– նշել է նա։
Եթե Սերժ Սարգսյանը իսկապես նման խնդիր է դնելու կառավարության առջև, ապա վերջինս ստիպված պետք է լինի լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթել, որպեսզի կարողանա բարձրացնել նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակները։ Կախված բարձրացման չափից՝ անհրաժեշտ կլինի Դ5-400 մլրդ լրացուցիչ գումար, ինչը տնտեսությունը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել:
Նախագահի կողմից 7% աճի մասին հայտարարությունը կառավարությանը ստիպելու է դիմել աճպարարության, այնպես, ինչպես արվեց 2012թ., երբ բյուջեի հիմքում դրված 4,2% տնտեսական աճի փոխարեն վիճակագիրները արձանագրեցին 7,2% աճ։ Չնայած տնտեսական աճի տեմպի կտրուկ ավելացմանը՝ հարկային եկամուտների ավելացում նախատեսվածից ավելի տեղի չունեցավ։ Նույնիսկ լրացուցիչ 101 մլրդ-ի մի մասը Պետական եկամուտների կոմիտեն անցած տարի ապահովեց կանխավճարների հաշվին։ Իրականում, անցած տարվա տնտեսական «թռիչքային» աճը տեղի է ունեցել թվերի մանիպուլյացիայի հաշվին, մասնավորապես՝ ինդեքս դեֆլյատորի։
Կառավարության առջև նորից թիրախ դնել 7% տնտեսական աճ առնվազն անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ բյուջեի հիմքում դրվել է 6,2% տնտեսական աճ, ընդ որում՝ բյուջեի ուղերձում կառավարությունը ավելի մեծ տեղ է հատկացրել տնտեսական աճի դանդաղման ռիսկերի գնահատմանը։ Աճի տեմպի դանդաղման ռիսկերի գնահատումը հասկանալի է, քանի որ Հայաստանի տնտեսությունը խիստ զգայուն է արտաքին գործոնների նկատմամբ։ Համաշխարհային տնտեսական աճի նվազման ռիսկերը, աշխարհի ամենամեծ տնտեսության՝ ԱՄՆ-ի բյուջեի սեկվեստրը, եվրոգոտում օրեցօր խորացող խնդիրները կարող են ուղղակի և անուղղակի ազդեցությամբ ազդել ՀՀ տնտեսության վրա: Ընդ որում՝ անուղղակի ճանապարհներով տնտեսության վրա հնարավոր ազդեցությունները համեմատաբար ավելի մեծ կլինեն:
Նախ՝ կառավարությունը հաշվարկել էր, որ ՀՆԱ-ի աճը կանխատեսվածից 4%-ով պակաս լինելու դեպքում հակացիկլիկ քաղաքականություն իրականացնելու և բյուջեի ծախսերը ամբողջությամբ կատարելու համար լրացուցիչ ֆինանսավորման պահանջը կարող է կազմել Դ40 մլրդ, իսկ տնտեսությանը լրացուցիչ 4% աճի ազդակ հաղորդելու համար կպահանջվի Դ110-120 մլրդ լրացուցիչ ֆինանսավորման ներգրավում:
Նման պայմաններում նախագահի կողմից աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման, տնտեսական աճի մասին հայտարարություններն առնվազն անհասկանալի են։ Նաև պետք է հաշվի առնել, որ 2013թ. բյուջեի ընդունումից այդքան էլ մեծ ժամանակ չի անցել, և անհասկանալի է, թե այդ ինչ նոր հնարավորություններ կան կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացման համար, որ նախագահը կառավարությանը չի ստիպել անել այս տարվա հունվարի 1-ից։ Վեց ամիս անց բարձրացումների նախատեսումը ցույց է տալիս, որ այդ խոստման իրականացման հնարավորությունները սուղ են։ Իհարկե, տարբեր գնահատականներով Հայաստանում ստվերը կազմում է տնտեսության 30-40%-ը, և այն կրճատելու դեպքում հնարավոր է ապահովել շուրջ Դ250 մլրդ հարկային մուտքեր, բայց պետք է հաշվի առնել, որ իշխանությունները դժվար թե գնան ստվերի կտրուկ կրճատման։ Որ ստվերի էական կրճատում տեղի չի ունենալ, երևում է նաև կառավարության 2012-2017 թթ. ծրագրից, որում հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավումը տարեկան կտրվածքով նախատեսված է 0,3-0,4-տոկոսային կետի չափով։
Շոշափելի՝ առանց հստակեցման
Թեև նախագահը չի մանրամասնել՝ թվային արտահայտությամբ որքան է կազմում «շոշափելի» ասվածը, հաշվարկները ցույց են տալիս, որ աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումը բյուջեի վրա լուրջ բեռ է լինելու։ Խնդիրն այն է, որ երբ 2012թ. սեպտեմբերին ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդես էր գալիս նվազագույն աշխատավարձը Դ32,5 հազ-ից մինչև Դ72,5 հազ. բարձրացնելու օրենսդրական նախաձեռնությամբ, ֆինանսների նախարարությունը հաշվարկել էր, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ միաժամանակ պետբյուջեից տրվող բոլոր աշխատավարձերը և նվազագույն աշխատավարձի հետ կապված այլ ծախսեր հավասարաչափ բարձրացնելու դեպքում պետբյուջեից կպահանջվի լրացուցիչ Դ360,4 մլրդ։ Եթե բարձրացվեն պետական բյուջեից տրվող մինչև Դ72,5 հազ. ամսական աշխատավարձերը, ապա կպահանջվի Դ28,4 մլրդ:
Կառավարությունը հազիվ թե գնա նման կտրուկ բարձրացման, քանի որ Բագրատյանի նախաձեռնությունը մերժվել էր նման միջոցների բացակայության պատճառաբանությամբ։ Կառավարությունը 2013թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կարողացավ բարձրացնել ընդամենը Դ2,5 հազ-ով՝ մինչև Դ35 հազ., որի արդյունքում պետբյուջեի լրացուցիչ ծախսերը ավելացան Դ941 մլն:
Ինչ վերաբերում է կենսաթոշակների բարձրացմանը, ապա այստեղ նույնպես ֆինանսական միջոցների սղություն կա։ Պետբյուջեով կառավարությունը այս տարի ոչ միայն չէր բարձրացրել կենսաթոշակների չափը, այլև նույնիսկ բյուջեից ուղղվող միջոցները կրճատվել էին 0,6%-ով։
Եթե անգամ հաշվի առնենք, որ հուլիսի 1-ից տեղի կունենա կենսաթոշակների ինդեքսացիա՝ գնաճի չափով (4%), անհրաժեշտ է լինելու լրացուցիչ Դ4 մլրդ։ Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ 2012թ. հունվարի 1-ից կենսաթոշակի չափը բարձրացվել է Դ2,5 հազ-ով, և որ այս տարվա հուլիսի 1-ին կառավարությունը կգնա նույն ճանապարհով, ապա այդ դեպքում կպահանջվի մոտ Դ8 մլրդ։
Սակայն եթե կենսաթոշակները ավելանան 2,5 հազ-ով, կենսաթոշակառուները շարունակելու են համարվել սոցիալապես խոցելի խավ։ Խնդիրն այն է, որ այս տարի աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կազմում է Դ31,3 հազ., այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղը 2012թ. կազմում էր Դ52 հազ.։ Ստացվում է, որ կենսաթոշակառուների գնողունակության մակարդակը սպառողական նվազագույն զամբյուղին հասցնելու համար անհրաժեշտ է լինելու միջին կենսաթոշակը ավելացնել 66%-ով։ Նման բարձրացման դեպքում պետբյուջեի ծախսերը կավելանան Դ66 մլրդ-ով։
Հասկանալի է, որ կառավարությունը այս տարի ոչ մի դեպքում չի կարող կենսաթոշակների մակարդակը նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին հասցնել, քանի որ պետբյուջեում չկան այդ միջոցները: Լավագույնը, ինչ կարող է կառավարությունը անել, կենսաթոշակի բազային չափը բարձրացնելն է Դ2,5 հազ-ով։ Բայց նույնիսկ այդ դեպքում անհրաժեշտ է լինելու Դ8 մլրդ։ Իհարկե, կենսաթոշակների բարձրացման համար հնարավոր է օգտագործել կառավարության 24,6 մլրդ պահուստային ֆոնդի միջոցները՝ սահմանափակելով այլ ուղղությունների ֆինանսավորումը։
Civilnet











