Washington Post-ի կայքը կլինի վճարովի

Washington Post ամերիկյան թերթի կայքը 2013թ. ամառվանից կդառնա վճարովի: Այս մասին հայտարարվել է մարտի 18-ին: Թերթը դեռ չի որոշել գումարի չափը՝ նշելով, որ յուրաքանչյուր օգտատեր կարող է ամսական անվճար ընթերցել մինչև 20 հոդված և մուլտիմեդիա նյութ:
Պարբերականն ընդգծում է, որ կայքից օգտվողների մեծ մասն ամբողջությամբ կազատվի վճարից: Այսպես՝ մատչումը թերթի թվային նյութերին անվճար կլինի նրանց համար, ովքեր բաժանորդագրվել են թերթի տպագիր տարբերակին: Բացի այդ՝ բոլոր հոդվածներն անվճար կլինեն ուսանողների, դասախոսների, դպրոցների տնօրենների, քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների համար՝ պայմանով, որ նրանք կայքից կօգտվեն այն հաստատություններից, որոնցում սովորում կամ աշխատում են: Մատչումը Washington Post-ի գլխավոր էջին և բաժինների էջերին նույնպես կմնա անվճար:
Թերթի հայտարարության մեջ ասված է, որ խմբագրությունը երկար ժամանակ փորձել է ձեռնպահ մնալ որևէ սահմանափակում մտցնելուց, ինչը կարող էր նվազեցնել ընթերցողների և գովազդատուների քանակը: Այժմ Washington Post-ը միանում է ամերիկյան այն պարբերականներին, որոնք մատչումն իրենց նյութերին վճարովի են դարձրել: Նման բիզնես մոդել օգտագործում են Wall Street Journal, New York Times, Financial Times և Boston Globe հրատարակությունները: Մարտին իր կայքը վճարովի դարձնելու մասին հայտարարել է նաև Los Angeles Times-ը:
Washington Post թերթը ստեղծվել է 1877թ. և համարվում է ԱՄՆ ամենագլխավոր հասարակական-քաղաքական հրատարակություններից մեկը: Թերթի կայքում և Washington Post-ին պատկանող Slate առցանց հրատարակությունում գովազդի տեղադրումից ստացված եկամուտը 2012թ. կազմել է 110,6 մլն դոլար:
Թեմա
Civilnet










