Ազատության հրապարակում գումարվել է քաղաքացիական ֆորում, որտեղ տարբեր բանախոսներ ներկայացնում են ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու հնարավոր տարբերակները: ՍիվիլՆեթի հետ զրույցում ֆորումի և իրավիճակի իր գնահատականն է տալիս վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
— Այն գործողությունները, որ այսօր կատարվում են Ազատության հրապարակում, համարո՞ւմ եք արդյունավետ ճանապարհ իշխանության դեմ պայքարում:
— Այս իրավիճակի արմատները խորն են: Դրանք գալիս են, ընդհանրապես, Հայաստանում վերջին քսան տարիների ընթացքում ստեղծված իրավիճակից: Դրան այս պահին գումարվել են նախագահական ընտրությունները, որ տեղի են ունեցել կեղծիքներով: Այսինքն՝ այս ընտրությունները որևէ ձևով չեն արտացոլել հասարակության կամքը, տեղի է ունեցել այդ երկու իրավիճակների միավորում: Այդ երկու դժգոհություններն ավելի են ակտիվացրել հասարակության լայն շերտերին: Անկախությունից հետո տասնամյակները ցույց տվեցին, որ կուսակցությունները չեն կարողանում լուծել առկա խնդիրները, որ Հայաստանում ընտրությունով չի ձևավորվում իշխանություն, որ այսքան տարի շարունակ փաստացի տեղի է ունեցել իշխանության ուզուրպացիա: Ինչ-որ խմբեր, ուզուրպացնելով իշխանությունը, ընտրություններ բեմադրության անվան տակ շարունակում են իշխել և վատնել երկրի ռեսուրսները: Վերջին շրջանում մենք ականատես ենք լինում, որ հասարակությունն ինքն է փորձում լուծել խնդիրը:
— Դուրս գալով հրապարա՞կ:
— Հրապարակ դուրս գալը ընդամենը էլեմենտներից մեկն է: Հասարակությունը, ընդհանրապես, ակտիվացել է և փորձում է առաջադրել մոդելներ: Այդ նույն՝ Ձեր նշած ֆորումը հասարակական պայքարի մոդելներից մեկն է: Արդյոք այսքանը բավարա՞ր է, թե՞ ոչ: Իհարկե, բավարար չէ, այսինքն՝ միմիայն այսքանի պարագայում ռեժիմը չի զիջի:
— Պե՞տք է հաջորդ քայլը:
— Հաջորդ քայլը պետք է որոշի հասարակությունը՝ ուզո՞ւմ է, ընդունա՞կ է, թե՞ ոչ: Այսինքն՝ հարցը պետք է դրվի՝ ինքը ցանկանո՞ւմ է գնալ հաջորդ քայլին:
— Ընդունա՞կ է:
— Եթե մենք տեսնենք հաջորդ քայլը, ուրեմն ընդունակ է, եթե չտեսնենք, ընդունակ չէ: Քայլերը կարող են լինել տարատեսակ: Օրինակ՝ վերջերս հասարակության շրջանում հնչում էր առաջարկ՝ տեղերում, մարզերում ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Օրինակ՝ դա շատ հետաքրքիր առաջարկ էր, որը, եթե ի կատար ածվի, կարող է արդյունավետ լինել ռեժիմի տապալման առումով:
— Ստեղծել ինչի՞ համար:
— Ստեղծել, որպեսզի դրանով փորձել, այսպես ասած, կազմաքանդել ռեժիմը [….]: Հասարակությունը հենց տեսնում է, որ իշխանությունը չի ձևավորվել իր կողմից, կարող է ընդունակ լինել ձևավորել իշխանության այլընտրանքային միջոցներ: Ոչ թե ինչ-որ մեկը ձևավորում և դա հրամցնում է հասարակությանը, այլ հասարակությունն ինքն է անում: Խոսքը հասարակության ակտիվ խավի մասին է:
— Գործընթացները պետք է ղեկավարվեն մե՞կ կենտրոնից:
— Այսօրվա դրությամբ իրավիճակը չի ղեկավարվում և չի կարող ղեկավարվել մի կենտրոնից:
— 2008թ., օրինակ, ղեկավարվում էր մեկ կենտրոնից:
— Այո՛, 2008թ. ղեկավարվում էր մեկ կենտրոնից, և այդ հինգ տարվա պայքարը ավարտվեց ապարդյուն: Այսինքն՝ բոլորս տեսանք այդ պայքարի անարդյունավետությունը: Հիմա կարող են լինել տարբեր կարծիքներ, թե ինչը հանգեցրեց դրան. միայն մեկ կենտրոնից ղեկավարվելու հանգամա՞նքն էր, թե՞ այլ հանգամանքներ էլ կային: Եկեք դրա մեջ հիմա չխորանանք, որովհետև թեման դա չէ: Իսկ այս պահի դրությամբ ակնհայտ է, որ իրավիճակը չի ղեկավարվում մեկ կենտրոնից: Օրինակ՝ հիշենք հետևյալը. երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց նախագահական նստավայր՝ հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ, ընդամենը մի քանի ակտիվ քաղաքացիներ նրա թիմի առաջ Ազատության հրապարակում դրեցին հստակ հարցադրում՝ ինչու է գնացել: Փաստացի հենց դա ցույց տվեց, որ հասարակության այս շարժումը չի ղեկավարվում մի կենտրոնից՝ մի անձի կողմից, այլ հասարակության ակտիվ ինչ-որ հատված դուրս է եկել հրապարակ և փորձում է ինքնուրույն լուծել իր խնդիրները, որովհետև չի տեսնում ճանապարհ, երբ որևէ կուսակցություն, որևէ անհատ կարող է լուծել իր խնդիրները:
— Շատ է խոսվում «գործ անելու» մասին: Շատերը այդ գործ անելու ենթատեքստում հասկանում են հեղափոխություն՝ գունավոր: Գործ ասվածը իսկապե՞ս հենց այդ հեղափոխությունն է:
— Մարդիկ հեղափոխության գնում են այն ժամանակ, երբ այլ ճանապարհ ընդհանրապես չեն տեսնում: Այսինքն՝ հեղափոխությունը օդից չի իջնում ինչ-որ երկրի վրա: Լինում են նախադրյալներ, և հասարակությունը գնում է այդ քայլին: Հիմա, եթե Հայաստանի պայմաններում քսան տարի շարունակ իշխանությունը չի ձևավորվում ընտրությունների ճանապարհով, ուրեմն պարզ է, որ նա մի օր ձևավորվելու է հեղափոխական ճանապարհով:
— Այսինքն՝ Հայաստանում նախահեղափոխական վիճակ կա՞:
— Նման իրավիճակ Հայաստանում շատ շուտվանից կա: Այսինքն՝ գոյություն ունի հասարակության ծայրահեղ դժգոհություն առկա վիճակից: Հեղափոխության ամենակարևոր նախադրյալը հենց դա է: Այսինքն՝ հասարակությունը ծայրահեղ դժգոհ է առկա վիճակից ու չի տեսնում իրավիճակը օրենսդրությամբ, Սահմանադրությամբ փոխելու մեխանիզմ, ընտրության միջոցով իշխանություն ձևավորելու մեխանիզմ և դա փորձում է անել հեղափոխության միջոցով:
Զրուցել է Դերենիկ Մալխասյանը
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ:
Civilnet











