ՀՀԿ-ին լայնախոհների հաջորդ խմբաքանակն է պետք
ՀՀԿ խմբակցությունը մտմտում է ԱԺ-ում բարդացնել լրագրողների աշխատանքը։ Ըստ պատգամավորներից մեկի օգնականի մտահղացման՝ ամեն ինչ պետք է արվի, որ լրագրողներն իրավունք չունենան պատգամավորների հետ զրուցել առանց նախնական պայմանավորվածության թե՛ քառօրյայի օրերին, թե՛ քառօրյայից դուրս։ Մտահղացման առիթ են դարձել խմբակցության ինտելեկտուալ հատվածի՝ Նահապետ Գևորգյանի, Արտակ Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի, Ալիկ Պետրոսյանի, Մհեր Սեդրակյանի և մյուսների հանդեպ քառօրյայի օրերին լրագրողների ոտնձգությունները։ Այսինքն՝ լրագրողները, ինչպես պնդում էր Սերժ Սարգսյանը, չպետք է փորձեն լուրջ խոսակցություն ծավալել ՀՀԿ օլիգարխիայի հետ, եթե վերջինս ԱԺ է եկել իր կոճակը սեղմելու և անմիջապես տուն գնալու համար։
Գալուստ Սահակյանն այդպես էլ ասում է. «Նրանք իրավունք ունեն չխոսելու»։ Իսկ այն, որ նրանք ԱԺ են մտել ոչ թե ձու կամ շաքարավազ վաճառելու համար, այս դեպքում քննարկման թեմա չէ, որովհետև դեռ ոչ մի տեղ չի գրվել, որ չվաճառելու համար նույնպես չեն մտել ԱԺ։ Երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ լուրջ լրագրողները պետք է խոսեն օլիգարխիայի հետ, ակնարկում է փորձառու լրագրողի լայնախոհությունը։ Նա հո տեսնելու է, որ այդ օլիգարխը մեկ-երկու բառ չի կարող կապել իրար ու միտք ասել։ Բայց փորձառությունը նրան հուշելու է, թե ինչ նկատի ուներ, ասենք, Առաքել Մովսիսյանը՝ խոսելով ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին. «Ժողովրդի հետ մեկտեղ, որը որը որ ընտրել 58 տոկոսը Սարգսյանը, մնացածին էլ կոչ անել համախմբվել էս՝ կողքը պետության կարգավիճակը զարգացնելու համար»։ Փորձառուն ինքը կդզի-կփչի Առաքել Մովսիսյանի այս խոսքը և կհրամցնի ընթերցողին։ Դա հասկացանք։
Իսկ ինչպե՞ս վարվել, եթե մտքի կաճառն այս խոսքերն ասում է հեռուստաէկրանի առջև։ Այդ մասին չի խոսում Սերժ Սարգսյանը, որովհետև օլիգարխների մասին գրում են կայքերն ու թերթերը, հեռուստաընկերությունների ռիսկն այդքան չի հերիքի: Սերժ Սարգսյանն ակնարկում է նաև, որ օլիգարխիան արժանապատվություն ունի և չի ուզում ծիծաղելի վիճակում հայտնվել սենսացիայի սիրահարների պատճառով։ Նա, պարզ է, ամեն օր չի խոսում Սամվել Ալեքսանյանի և Նահապետ Գևորգյանի հետ, բայց նրանց ԱԺ գործուղելը լայնախոհության դրսևորում է, մարդը նրանց «ինքնարտահայտման» դաշտ է տվել, բիզնեսը ամբողջությամբ չի արտահայտում նրանց մտքերն ու գործերը։ Նա հո չի՞ տեսնում, թե ինչպես են այս մարդիկ ձանձրանում ԱԺ-ում։ Նա, շախմատիստի լեզվով ասած, կատարել է լայնախոհության քայլը։ Եվ այդ լայնախոհությունը ակնկալում է բոլորից՝ լրագրողներից, ընտրողներից, աղքատության մեջ գտնվող 37 տոկոսից, արտագաղթողներից, որոնց այստեղ, ի տարբերություն Ռուսաստանի, սպասում է «արդարությունը»։
Երևանի ավագանու առաջին ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը ժամանակին ՀՀԿ ընդդիմախոսներին այսպիսի կոչ էր հղում. «Լայնախոհ եղեք հարցերում»։ Հինգ տարի շարունակ ՀՀԿ-ն ապավինում է այս ժողովրդի լայնախոհությանը և հինգ տարի շարունակ հաղթում բոլոր տեսակի ընտրություններում։ Հաղթում է, որովհետև քվեարկում է ի հեճուկս համազգային լայնախոհության հրամայականի։ Քվեարկում է, որովհետև գիտի լայնախոհության տեղը, առիթը և պատճառը։ Քվեարկում է, որովհետև չկա մի հհկ-ական, որ կարող է ասել, թե ինչ է լայնախոհությունը։ Եվ մենք ստիպված ենք մեր պարզաբանմամբ նպաստել լայնախոհության մասին ՀՀԿ կոչերի առավել նպատակայնությանը։
Ո՞վ է լայնախոհը։ Դա այն մարդն է, որը չի հավանում Սերժ Սարգսյանին, բայց 2012թ. ԱԺ մայիսյան ընտրություններին քվեարկում է ՀՀԿ-ի օգտին։ Համապատասխանաբար, նաև այն մարդը, որը չի հավանում ՀՀԿ-ին, բայց 2013թ. նախագահի ընտրություններին քվեարկում է Սերժ Սարգսյանի օգտին։ Լայնախոհությունն ինքն իրենով մի երևույթ է, որը բացառում է կա՛մ առաջինը, կա՛մ երկրորդը. դրանք երկուսն էլ չեն կարող գոյություն ունենալ, որովհետև ծիծաղելի բան կստացվի։ 2012թ. ՀՀԿ-ն վերցնում է խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը, 2013թ. Սերժ Սարգսյանը հաղթում է առաջին փուլով, որը նույնն է, ինչ բացարձակ առավելությունը։
Ստացվում է, որ երկու ընտրությունների կտրվածքով ամբողջ երկիրը համակրում է կա՛մ Սերժ Սարգսյանին, կա՛մ ՀՀԿ-ին։ Իսկ իրերի այսպիսի դրվածքի մեջ լայնախոհություն չկա։ Որովհետև այսպիսի երկրում, եթե այն Հյուսիսային Կորեան չէ, ժողովրդի 100 տոկոսը չի կարող իշխանապաշտ լինել՝ հրահանգով, թե առանց հրահանգի՝ ԿԸՀ տվյալներով, թե սրտանց քվեարկությամբ։ Հայտնի է, որ Հայաստանից արտագաղթում են հատկապես լայնախոհները, որովհետև եթե մնային, դրանով միայն կարող են ավելացնել ինքնասպանությունների վիճակագրությունը։ ՀՀԿ-ին անհրաժեշտ է լայնախոհների հաջորդ խմբաքանակը։
Թեմա
Մհեր Արշակյան










