Մանուկյանի կարծիքով՝ ի տարբերություն նախագահական ընտրությունների՝ Երևանի ավագանու ընտրություններում կեղծիքները հնարավոր կլինի կանխել:
Մարտի 22-ին «Ազատությունից 100 մետր» հաղորդման շրջանակում ՍիվիլՆեթը հյուրընկալել էր Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին: Հաղորդմանը Մանուկյանի հնչեցրած որոշ մտքեր ներկայացված են ստորև:
Արամ Մանուկյանի խոսքով` Ազատության հրապարակի հիմնական խնդիրն այն է, որ չկա մեսիջ, և այդ հարցն առկախված է: «Րաֆֆի Հովհաննիսյանը «հրաժարական» և «իշխանափոխություն» բառերը չի արտասանում և միայն խոսում է ինքնաբացարկի մասին, որը ինքնակամ է, իսկ հիմնական խնդիրը հենց հրաժարական տալն է: Ինքնաբացարկ տալը քաղաքացիական բարձր գիտակցության և բարձր մշակույթի գործ է, ինչին Սերժ Սարգսյանը չի տիրապետում», – ասաց նա:
Մանուկյանն ընգծեց, որ նախագահական ընտրությունների ընթացքում ՀԱԿ-ը 1500 ընտրատեղամասերում իր հանձնաժողովի անդամների միջոցով պահել է Հովհաննիսյանի ձայները, և «Ժառանգության» առաջնորդը պարտվել է այն տեղամասերում, որտեղ իրենք մարդ չեն ունեցել:
Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ նա նշեց, որ հարկավոր է միավորվելու ճանապարհով գնալ: Ըստ նրա` եթե անգամ նախընտրական միավորումը չստացվի, Երևանի ավագանում իրենք կհամագործակցեն «հակասերժական և հակաիշխանական» ուժերի հետ:
Մանուկյանը կարևոր է համարում ինտերնետի և սոցցանցերի դերը ընտրությունների կազմակերպման հարցում, որոնք, ըստ նրա, նպաստում են տեղեկատվության արագ տարածմանը: «Ինտերնետն ու Ֆեյսբուքը այս իշխանությունների թիվ մեկ թշնամին են, ինչ այլանդակություն անում են, հինգ րոպե հետո Ֆեյսբուքում լցվում է»,– ասաց նա:
ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով՝ Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական ուժերի միջև կոնսոլիդացիան ավելի հեշտ է, քան նախագահական ընտրություններին: «Նախագահական ընտրությունների ժամանակ աթոռը մեկն է, իսկ այստեղ 60 աթոռի խնդիր կա, և կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են իշխանությանը հաղթել իրենց մասնակցությամբ»,– ասաց նա՝ առանձնացնելով այդպիսի չորս քաղաքական ուժերի՝ ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀԱԿ: «Լավ կլիներ, որ այս ընտրություններում չորս քաղաքական ուժերը միասնական ցուցակով հանդես գային, սակայն այս փուլում ևս հնարավորություն կա համախմբվելով պայքարել կեղծիքների դեմ»,– ասաց նա՝ ընդգծելով, որ կեղծիքը այս իշխանության պահպանման միակ միջոցն է: «Իրենք անելու են ամեն ինչ: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է խեղճանանք ու ձեռներս իջեցնենք»,– ասաց Մանուկյանը՝ նշելով, որ Երևանի ընտրություններում 220 հազ. ձայն՝ 50+1 տոկոս, հավաքելն ընդդիմության համար լուծելի խնդիր է:
Հարցադրմանը, թե ինչու է ՀԱԿ-ը մասնակցում ընտրություններին, եթե դրանք այնուամենայնիվ կեղծվում են, Մանուկյանը պատասխանեց. «Ի տարբերություն նախագահական ընտրությունների՝ Երևանի ավագանու ընտրություններում կեղծիքները հնարավոր կլինի կանխել: 550 տեղամաս կա, որտեղ չորս քաղաքական ուժերով կարող ենք ունենալ հանձնաժողովի 200 նախագահ և քարտուղար, ինչը լրջագույն հնարավորություն է իրավիճակը վերահսկելու համար»:
Մանուկյանի խոսքով՝ Երևանը շատ հարմար միջոց է իշխանությունը վերցնելու համար, նաև շատ հարմար հանգրվան է հաջորդ՝ ավելի մեծ փուլը իրականացնելու համար: Երևանի ավագանու ընտրությունները, ըստ նրա, քաղաքական են, և իրենք «չեն գալիս միայն կանաչապատման կամ ասֆալտապատման համար»:
Անի Գրիգորյան
Civilnet











