Facebook-ը թարմացնում է մեկնաբանությունների համակարգը

Facebook սոցցանցը հայտարարել է մեկնաբանությունների համակարգում նոր ծառայության թողարկման մասին: Ինչպես հաղորդում է Techcrunch-ը, նոր ծառայության շնորհիվ սոցցանցը հնարավորություն է տալիս պատասխանել միայն որոշակի մեկնաբանությունների` 10 հազ-ից ավելի բաժանորդագրություն ունեցող էջերում ստեղծելով քննարկումների ճյուղեր:
Նշված փոփոխությունները ներառում են արդեն գոյություն ունեցող պատասխաններին մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը, ինչպես նաև հրապարակային ակտիվության վերադասավորման նոր համակարգը` կախված գրառումների տարածվածությունից: Ավելի շատ լայքեր հավաքած ամենահետաքրքիր հաղորդագրությունները կտեղադրվեն ցանկի վերին հատվածում, իսկ անհետաքրքիր և սպամ հաղորդագրությունները` ներքևում:
Ծրագրային մշակման մասնագետները նշում են, որ այս նորարարությունները կհավանեն այն հայտնի էջերի սեփականատերերը, որոնց հրապարակումներն ուղեկցվում են հազարավոր մեկնաբանություններով: Ներդրված նոր համակարգը հնարավորություն կտա տեսադաշտում պահել իրականում հետաքրքիր մեկնաբանությունները:
Նշենք, որ նոր գործառույթը հասանելի է միայն սոցցանցի վեբ տարբերակի համար: Էջերի հեղինակները կարող են միացնել և անջատել այն` իրենց հայեցողությամբ:
Հատկանշական է, որ համակարգի փորձարկումները սկսվել են 2012թ. նոյեմբերին, և որոշ օգտահաշիվներ արդեն հասցրել են այն փորձարկել:
Թեմա
Civilnet










