Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերություն, որը զբաղվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից արդյունահանվող մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը շրջել է գործարանում, ծանոթացել ֆերոմոլիբդենի արտադրության գործընթացին, կատարված ներդրումների արդյունքներին և առաջիկա ծրագրերին:
Տեղեկացվել է, որ 2012թ. «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ը արտադրել է 2840 տ ֆերոմոլիբդեն, որի արժեքը կազմել է 20,11 մլրդ դրամ. 2011-ի նկատմամբ աճը կազմել է 12,7%: Արտադրանքն ամբողջությամբ իրացվել է Եվրոպայում:
2013թ. հունվար-փետրվարին ֆերոմոլիբդենի արտադրության ծավալը կազմել է 520 տ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 340 տ-ի փոխարեն` ապահովելով 52,9% աճ: Արտադրանքի ծավալը դրամային արտահայտությամբ կազմել է 3,55 մլրդ դրամ, նախորդ տարվա 2,6 մլրդ դրամի դիմաց:
Չնայած ընկերության կողմից արտադրության ֆիզիկական ծավալների զգալի աճին` դրամային արտահայտությամբ տոկոսային աճի տեմպը դանդաղել է, ինչը բացատրվում է միջազգային շուկայում ֆերոմոլիբդենի գների դանդաղ, բայց կայուն նվազմամբ: Այսպես, եթե 2013թ. հունվարին 1 տ մոլիբդենի գինը կազմել է $29,1 հազ., ապա փետրվարի 20-ի դրությամբ այն նվազել է մինչև $27,8 հազ.:
Ընկերությունն ընթացիկ տարում աճ արձանագրելու նպատակով կատարել է աշխատանքներ` ուղղված վտանգավոր թափոնները (նախկինում չօգտագործվող թափոններ) վերամշակելու և լրացուցիչ քանակի ֆերոմոլիբդեն ստանալու նպատակով: Նշված գործունեությունն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության 2012թ. ընդունած որոշմամբ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ին տրամադրվել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա: Ներկայում ընթանում են նոր արտադրամասի սարքավորումների շահագործման աշխատանքներ, որին զուգահեռ նաև իրականացվում են միջոցառումներ՝ համապատասխան երկրորդային հումքով ապահովելու ուղղությամբ:
2008թ. ձեռնարկությունում գործում է ամոնիումի պերռենատի (ռենիումի պարունակությունը 69,4%) արտադրության արտադրամասը: Ներկայում ընկերությունում աշխատում է շուրջ 500 մարդ, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 208,4 հազ. դրամ:
Խոշոր հարկատուների ցուցակում «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ն զբաղեցնում է 155-րդ տեղը՝ վճարելով 602,7 մլն դրամ:
Civilnet











