Գլխավոր Լրահոս

Նամակցություն դեպի բանակցություն

Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև քաղաքական նամակագրությունը նոր թափ է ստանում: Երկու գործիչները կարծես նամակների բովանդակությամբ քաղաքական նոր օրակարգ են սահմանում: Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հղած իր նամակում փաստացի ընդունում է գործող նախագահի առաջարկը՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու: Բանակցությունների սեղանին հասնելու համար երկու գործիչներին խանգարում են զուտ տեխնիկական դետալները, որոնք շատ արագ կարող են լուծվել: Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է նախքան բանակցելը հաց ուտել ու կազդուրվել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ ինքը առանց հացադուլից դուրս գալու էլ կազդուրված է և պատրաստ է միայն Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի հետ բանակցություններ վարելու:

Տեխնիկական խոչընդոտներից բացի՝ նախանշվող բանակցություններում գոյություն ունեն նաև բովանդակային խոչընդոտներ, որոնք կարող են ի սկզբանե տապալել բանակցությունները: Նախ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ անելուց առաջ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը նախագահ կդառնա միայն իր դիակի վրայով: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ֆիքսել է, որ Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում վերհաստատվելու դեպքում ինքը կենդանի չի լինի: Սակայն մարտի 22-ին գործող նախագահին հասցեագրված նամակում նա կարծես մոռացավ իր ծայրահեղական այդ հայտարարությունը և դե ֆակտո Սերժ Սարգսյանին ճանաչեց որպես ՀՀ նախագահ: Թե ինչպիսի խոչընդոտ կհանդիսանա «Ժառանգության» առաջնորդի այս խոստումը Սերժ Սարգսյանի հետ հնարավոր բանակցությունների ընթացքում, դժվար է ասել: Րաֆֆի Հովհաննիսյանը բավական հիմնավոր բացատրություն պետք է գտնի նույնիսկ իր մահով Սերժ Սարգսյանի երդմնակալությունը կանխելու մտադրությունից փաստացի հրաժարվելու համար:

Մյուս հնարավոր խոչընդոտը վերաբերում է Հովհաննիսյանի ներկայացրած պահանջներին, ավելի շուտ այն հանգամանքին, որ դրանք «Ժառանգության» առաջնորդի կողմից որակվել են որպես անբեկանելի: Այսինքն՝ Սերժ Սարգսյանին դե ֆակտո ճանաչման դիմաց Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է մի շարք գերատեսչություններ և փոփոխություններ: Այս տրամաբանությունից ելնելով՝ ենթադրվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու են ոչ թե Հովհաննիսյանի ներկայացրած պահանջների ձևն ու քանակը, այլ պահանջվող պաշտոններում «ժողովրդի ներկայացուցիչների» թեկնածությունների խնդիրները և բարեփոխումների իրականացման հստակ ժամկետները:

Նշենք, որ նման նախաբանակցային իրավիճակ Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծել է իր հայտարարություններով և խոստումներով, ինչքան էլ ժողովրդի հիշողությունը կարճ լինի, այնուամենայնիվ դեռևս բավարար ժամանակ չի անցել դրանք մոռանալու համար: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում