Չինացի գեյմերը 6 տարի ապրել է ինտերնետ սրճարանում

Աշխարհում համացանցից կախվածություն ունեցող մարդկանց ամենամեծ թիվն ունեցող Չինաստանում տղամարդն իր ամբողջ ժամանակն անցկացրել է համակարգչային խաղեր խաղալով:
Չանչուն քաղաքում 31-ամյա գեյմեր Լի Մենը ինտերնետ սրճարանում ապրել է վերջին 6 տարին: Նա կարճ ժամանակով է շեղվել համակարգչից՝ միայն ուտելու կամ լոգանք ընդունելու համար:
«Կարևոր չէ, թե ինչ էին նրան ասում. նա ոչ մեկի հետ չէր ցանկանում շփվել», - ասել է սրճարանի տերը:
«Երբ Լին խոսում էր մեր թղթակցի հետ, նրա հայացքը գամված էր էկրանին, իսկ կողքը դրած էր ուտելիքով փաթեթ: Լիի ամսական աշխատավարձը 2 հազ. յուան է (մոտ 322 դոլար), որից 500 յուանը (80 դոլար) ծախսվում է համակարգչի վարձակալության վրա», - հաղորդում է Business Insider-ը՝ հղում անելով Beijing Times թերթին:
Սրճարանի մյուս այցելուները պատմել են, որ Լի Մենը սովորաբար գալիս է խաղալու գիշերը, իսկ ցերեկը քնում է:
Նման երևույթները Չինաստանում տարածված են: Անցյալ աշնանը լրատվամիջոցները գրել էին ևս մեկ գեյմերի մասին, որը ինտերնետ սրճարանից դուրս չի եկել երկու ամիս՝ խաղալով MMORPG World of Warcraft խաղը: Նա չէր փոխում հագուստը և չէր լողանում:
Թայվանում համակարգչային կախվածության մեկ այլ դեպք է գրանցվել, այս անգամ՝ մահացու ելքով: 18-ամյա մի երիտասարդ մահացել է այն բանից հետո, երբ 40 ժամ անընդմեջ խաղացել է Diablo III խաղը՝ երկու օր ոչինչ չուտելով և չհեռանալով համակարգչից:
Թեմա
Civilnet










