Արարատյան դաշտավայրում սնկի պես աճող ձկնաբուծարաններն ու ստորերկրյա ջրերի ոչ արդյունավետ օգտագործումը հանգեցրել են Սևանա լճից ջրառի ծավալների ավելացման։ «Սևանի մասին» օրենքով ամրագրված 170 մլն խմ-ի դիմաց անցած տարի լճից բաց է թողնվել 313 մլն խմ ջուր, ընդ որում՝ այդ ծավալի միայն 280 մլն-ն է հիմնավորված եղել։
Մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն ասաց, որ հանձնաժողովը հիմնավորված է գտնել միայն 280 մլն խմ ջրի բացթողումը՝ 313 մլն խմ ծավալի դեպքում։
Հարցին, թե ինչու է սահմանվածից շատ ջուր բաց թողնվել, Վլ. Մովսիսյանը բացատրեց, թե Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային վերականգնվող պաշարները կազմում են մոտ 1,3 մլրդ խմ, այնինչ բնապահպանության նախարարությունը ջրօգտագործման թույլտվություն է տվել ոչ թե այդ ծավալի չափով, այլ մոտ 1,5 մլրդ խմ-ի։ Ստացվում է, որ ստորգետնյա ջրային պաշարներից շատ ավելի է վերցվել, քան կարող էր վերականգնվել: Բնապահպանության նախարարության այդ քայլը, Մովսիսյանը, ի դեպ, «անպատասխանատու» որակեց։ Արդյունքում անջրդի են մնացել 6,2 հազ. հա ոռոգելի հողեր, և Սևանից բաց թողնված ծավալի մի մասն ուղղվել է հենց այդ հողերի ոռոգմանը։
Բացի այդ՝ դաշտավայրի ստորգետնյա ջրերն օգտագործում են ձկնաբուծական տնտեսությունները։ «Արարատյան դաշտավայրում սնկի պես աճող ձկնաբուծարանները պետք է անցնեն ջրօգտագործման կիսափակ ռեժիմի, ինչը նրանցից շատ ծախսեր չի պահանջի, սակայն 2-3 անգամ կնվազեցնի ստորերկրյա ջրի օգտագործումը ձկնաբուծարաններում»,– նշեց Մովսիսյանը։
Մովսիսյանի այս հայտարարություններն ուշագրավ են, եթե հաշվի առնենք, որ կառավարությունն անցած տարի Սևանից 150 մլն խմ լրացուցիչ ջրառը հիմնավորում էր երաշտի հանգամանքով։ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Սևանի մասին» օրենքում և թույլատրեց լրացուցիչ 150 մլն խմ-ի ջրի բացթողումը։
2012թ. հունիսի 14-ի կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե ջրի սակավության պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատյան դաշտավայրի գյուղացիական տնտեսություններում: Իրականացրած հաշվարկներով պարզվել է, որ այսօրվա դրությամբ առկա ջրային ռեսուրսները շատ արագ սպառվելու են, և Արարատյան դաշտավայրում նորմալ ոռոգման ջրի մատակարարում ապահովելու համար անհրաժեշտ է լինելու լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնել Սևանա լճից, հիմնավորել էր վարչապետը։
Ջրածածկ շինություններ
Մովսիսյանը նշեց նաև, որ Սևանա լճի ափամերձ հատվածում 177 շենք-շինություն գտնվում է 1900,25 մ նիշից ներքև, ինչը նշանակում է, որ տարեվերջին դրանք կարող են ջրածածկ լինել։ Այսօր լճի մակարդակը 1900,18 մ է, ուստի ափերի մաքրման աշխատանքները պետք է արվեն առաջանցիկ տեմպերով՝ դրանք ջրածածկմանը նախապատրաստելու համար։ Մովսիսյանի խոսքով՝ մինչև տարեվերջ ապամոնտաժված շինությունների թիվը կկազմի ընդհանուր առմամբ 528։
Մովսիսյանը տեղեկացրեց նաև, որ 1905 մ նիշից ներքև Սևանա լճի ավազանում եղել են 4717 շենք-շինություններ, որից 27%-ը՝ քարից: Ըստ Մովսիսյանի՝ այդ շինություններն ապօրինի են կառուցվել, քանի որ 1987թ. Խորհրդային Հայաստանի կառավարության ընդունած որոշմամբ Սևանի լճի ափամերձ տարածքներում 1908 մ նիշից ներքև արգելվում էր կապիտալ շինարարությունը։ Ընդ որում՝ Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովը կառավարությանը ափամաքրման ծրագիր մշակելու առաջարկություն է ներկայացրել, որում նշել է, որ 1903,5 մ նիշից բարձր շենք-շինությունների համար կարելի է ափապաշտպան կառույցներ կառուցել։
Civilnet











