Ֆինանսների նախարարությունը կառավարությանն առաջարկում է հավանություն տալ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի մի երկրի հետ, որի հետ Հայաստանը տնտեսական լուրջ կապեր չունի։ Գործադիրը նման փաստաթուղթ է ստորագրելու Մալայզիայի հետ, այն դեպքում, երբ այդ երկրից ներդրումներ հայկական տնտեսությունում չեն կատարվել, իսկ արտաքին առևտուրը կազմում է ընդամենը $17 մլն։
Կառավարության մարտի 28-ի նիստի օրակարգում ներառվել է «Հայաստանի կառավարության և Մալայզիայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր կնքելու որոշման նախագիծը։ Փաստաթղթի անհրաժեշտության հիմնավորումում նշվում է, որ այն հետապնդում է երկու հիմնական նպատակ՝ բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը և այդպիսով նվազեցնել եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առևտրի և ներդրումների վրա, ինչպես նաև ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ:
«Հաշվի առնելով, որ անցումային փուլում գտնվող տնտեսություններին հատուկ է օրենսդրության արագ փոփոխությունը՝ կրկնակի հարկման համաձայնագիրը օտարերկրյա գործարարի համար միջնաժամկետ հեռանկարում ապահովում է կայուն հարկային դաշտ»,– ասվում է նախագծում։
Ըստ ֆինանսների նախարարության՝ Մալայզիայի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը թույլ կտա զարգացնել երկու պետությունների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը։
Հայաստանի և Մալայզիայի ապրանքաշրջանառության ծավալները բավական փոքր են։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ անցած տարի այդ երկրից ներկրումների ծավալը կազմել է $16,7 մլն կամ Հայաստանի ներկրման 0,4%-ը. արտահանումը կազմել է $28,7 հազ.։ Մալայզիայից ներկրման մոտ 1/3-ը կազմել են մոնիտորները և պրոյեկտորները, հեռուստատեսային կապի ընդունիչ սարքավորումները, 8%-ը՝ բջջային հեռախոսները։ Այդ երկրից ներկրվում է նաև արմավենու յուղ, կակաոյի փոշի, կահույք։
Ուշագրավ է, որ թեև ֆինանսների նախարարությունն առաջարկում է ստորագրել տնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված փաստաթուղթ, գործարարները, ընդհակառակը, կրճատում են համագործակցությունը։ Անցած տարի Մալայզիայից ներկրման ծավալները նվազել են 20%-ով, ինչը հազիվ թե պայմանավորված է միջպետական պայմանագրերի բացակայությամբ։
Բացի այդ՝ Հայաստանի տնտեսությունում չկան Մալայզիայից օտարերկրյա ներդրումներ։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներում այդ երկրից կատարված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տվյալներ չկան, այն դեպքում, երբ ԱՎԾ-ն, օրինակ, ներկայացրել է Շվեդիայից կատարված $100-ի ուղղակի ներդրումը։
Մալայզիան միակ երկիրը չէ, որի հետ կառավարությունը ստորագրում է կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիր՝ լուրջ առևտրատնտեսական հիմքերի բացակայության պայմաններում։
2011թ. կառավարությունը համաձայնություն էր տվել կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրին օֆշորային Սեյշելյան կղզիների հետ։ Կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր Թաիլանդի հետ ստորագրվել է դեռ 2006թ., այն դեպքում, երբ անկախացումից ի վեր այդ երկրից Հայաստանում կատարվել է ընդամենը $100-ի ուղղակի ներդրում, իսկ համաձայնագրից յոթ տարի անց երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը բավական փոքր է՝ անցած տարի այն կազմել է 25 մլն, որից $22 մլն-ը ներկրումն է։ Թայլանդից հիմնականում ներկրվել են բրինձ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, սառնարաններ։
Ներդրումների խթանմանն ուղղված երկկողմ պայմանագրերի առկայությունը, անշուշտ, կարևոր է՝ չնայած տնտեսական համագործակցության իրական ներուժի առկայության պայմաններին։
Civilnet











