Կառավարությունն իր այսօրվա` մարտի 28-ի նիստում որոշում է ընդունել 20,5 մլն դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը` ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով:
Որոշման համաձայն` գործադիրը միջոցներն առողջապահության նախարարությանը կհատկացնի ՀՀ 2013թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով) 2013թ. 2-րդ եռամսյակում: Որոշման հիմնավորման համաձայն` հաշվի է առնվել Հայրիկյանի ներդրած ավանդը Հայաստանի անկախացման գործում:
Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 31-ի ուշ երեկոյան Երևանի Տպագրիչների 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2013թ. մարտի 5-ին ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին, որը կալանավորված է:
Civilnet











