Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը երեկ` մարտի 27-ին, հաստատել է $35 մլն վարկի տրամադրումը Հայաստանում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար, հաղորդում են ՀԲ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:
«Վերջին տասնամյակում Հայաստանում իրականացվող առողջապահական բարեփոխումների հիմնաքարը եղել է որակյալ բուժծառայությունների առաջարկի ամրապնդումը: Մյուս կողմից էլ տնտեսական ճգնաժամի հետևանքով առավել կարիքավոր ընտանիքների կեսը ստիպված է եղել նվազեցնել իրենց բժշկական ծախսերը»,- ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին` հույս հայտնելով, որ ծրագիրը թույլ կտա երկրում արձանագրել առավել լավ առողջապահական արդյունքներ:
Ծրագրի ներքո կֆինանսավորվեն Երևանում արյունաբանության կենտրոնի վերակառուցման և այդ կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք ստեղծելու հետ կապված նախագծային աշխատանքները: Այն կօժանակի նաև Հայաստանում նոր ուռուցքաբանական կենտրոնի ստեղծմանը, որը կապահովի համալիր ուռուցքաբանական ծառայություններ ազգաբնակչությանը, ինչը ներկայումս չի ապահովում:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն է $45 մլն, որից ՀՀ կառավարությունը հատկացնելու է $8,2 մլն, իսկ Առողջապահական արդյունքների նորարարության հավատարմագրային հիմնադրամը ներդնելու (ԱԱՆՀՀ) է $1,8 մլն` դրամաշնորհի տեսքով: ՀԲ-ի $35 մլն վարկը տրամադրվում է Միջազգային զարգացման ընկերակցության ստանդարտ պայմաններով` տարեկան 1,25% ֆիքսված տոկոսադրույքով, 25 տարի ժամկետով և 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով:
Civilnet











