20,5 միլիոն դրամանոց փամփուշտ
Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 20,5 մլն դրամ է հատկացնում Պարույր Հայրիկյանի բուժման համար։ Որ բուժման համար գումար պետք է, կասկածող չկա։ Որ կարևոր չէ, թե ում համար է դա, փաստ է։ Որ էական չէ, թե ինչքանի մասին է խոսքը, կրկին հարց չէ։ Բայց, դիցուք, իմ հարևան, հաշմանդամության սայլակին գամված Արման Հարությունյանին ընդամենը 2 հազար եվրո է պետք Գերմանիա գնալու և հետազոտվելու համար։ Այստեղ ոչ ոք չի հասկանում, թե 20 տարի առաջ ի՞նչ է պատուհասել այդ տղային, որ անվասայլակից վեր չի կենում։ Էդ տղան գրեթե բոլոր համապատասխան ատյաններին դիմել է։ Ռիտա Սարգսյանի գրասենյակից պատասխանել են՝ դիմեք Սերժ Սարգսյանին։
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղը «փակվում» է, այնտեղ վաղուց ներդրումներ չեն արվել։ Փոխարենը վարկային կազմակերպություններից մեկը գյուղապետարանի մոտ պաստառ է փակցրել՝ «Վարկը հույս է»։ Դավիթ Գաբրիելյանի վրա կրակել են, նա այլևս տան «միակ տղամարդը» չէ, պիտանի չէ հողի վրա կատարվող աշխատանքների համար։ Կարելի էր, չէ՞, Այգեպարում որևէ արտադրություն հիմնել, դեռ 300 հոգի ապրում է այնտեղ։ Բայց՝ ոչ։ Դուք գիտեք, որ 20,5 միլիոնը Այգեպարում «աշխատող» գումար չէ, ինչ արտադրություն էլ բացեք, դուք ձեր շահն եք գտնելու դրա մեջ։ Իսկ Այգեպարը շահութաբեր չէ, մեկ-երկու գնդակոծություն, մեկ-երկու զոհ և արտադրության շահութաբերությունը հողին կհավասարվի։
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր հասնելը լուրջ վտանգների հետ է կապված, իսկ գյուղում դեռ մարդիկ են ապրում։ Հիմնական մասը, սակայն գնացել է վերջին 20 տարում։ Բերդի զինկոմը սահմանամերձ գյուղերի ապագայի մասին ասում է. «Պահելու ենք, քանի դեռ չեն փախել»։ Հասկանո՞ւմ եք՝ Հայրիկյանը պետք է ապրի, Հայրիկյանը ոչ մեկից վատը չէ, բայց ինչո՞վ է մեղավոր այս գյուղերի բնակչությունը, որ անվանի քաղաքական գործիչ չէ։
Ընդհանրապես ի՞նչը նկատի ունի կառավարությունը, երբ այսպիսի հրամանագրեր է արձակում։ Ինքնին պարզ էր, չէ՞, որ Հայրիկյանին ձրի չեն բուժում, որ Հայրիկյանը գրպանից մի լումա չի ծախսում։ Լավ, համաձայն եմ պահուստային ֆոնդի այդ «շռայլության» հետ։ Իսկ տեղյա՞կ եք, որ ոչ կառավարության միջոցներով ձեռք բերված Չինարիի տրակտորը բնավ էլ իր նպատակին չի ծառայում։ Գուցե հենց մի նպատակային տրակտո՞ր ձեռք բերեիք այդ գյուղի համար։ Դրանով ջրագծերի խողովակներ են տեղադրել։ Ամեն անգամ Ֆեյսբուքն ազդարարում է այս կամ այն երեխայի բուժման կարիքների համար պահանջվող գումարներով։ Ինչպե՞ս անենք, որ էդ երեխան մի հեղինակավոր քաղաքական գործչի տեղ անցնի։ Խնդիրը երեխան ու Պարույր Հայրիկյանը չեն, այլ՝ կառավարությունը։ 20,5 միլիոն դրամը, բոլորս գիտենք, սպասում է հենց արտակարգ առիթների։ Մնացած բոլոր առիթների համար կան վարկերը, որոնք այսօր որևէ մեկի կյանքը չեն թեթևացնում, փոխարենը բանկերը դարձել են վերջին հույսի ամրոցներ, որտեղ մարդիկ թողնում են իրենց ամբողջ ունեցվածքը։
Բոլոր ընտրություններն աչքի են ընկնում ընտրակաշառքով։ Էդ ընտրակաշառքները երբեք չեն գերազանցել 10 հազար դրամը։ Դուք հասկանու՞մ եք, թե ինչ եք անում՝ 20,5 միլիոն դրամով ժողովրդին հիշեցնում եք «ընտրակաշառք» կոչվող թուլափայի մասին։ Ցանկացած ընտրող հիմա գիտի, թե ինչքաննն է իրենը, եթե նույնիսկ սոված մեռնի, և ինչքանն է բարձրաստիճան վիրավորինը։ Եվ ի վերջո, այդ երբվանի՞ց Հայրիկյանը դարձավ ձեր աչքի լույսը։ Ու՞մ կամ ինչի՞ վրա ծախսվելիք ավելի մեծ գումարներն եք ապահովագրում այդ 20,5 միլիոն դրամով։ Շնող գյուղն աղբավայր չունի, գետի ամբողջ երկայնքը մարդիկ դարձրել են աղբավայր։ Կարո՞ղ եք աղբավայր կառուցել Շնողի համար։ Թե Հայրիկյանի հանդեպ ձեր մարդասիրությունը խոշոր ընտրակաշառք է, իսկ շնողցիների երախտագիտությունը աչք չի ծակի։ Դուք ի՞նչ եք առաջարկու՞մ, ի՞նչ հարց եք լուծում՝ չլուծելով 20,5 միլիոն դրամ արժեցող բազում հարցեր։ Որտեղի՞ց մարդիկ գտնեն 20,5 միլիոն դրամ «արժեցող փամփուշտներ» սեփական խնդիրները կառավարության աչքը մտցնելու համար։ Ահա թե ինչից եք օտարում մարդկանց։ Դուք ունեցել եք 20,5 միլիոն դրամ ու ոչ ոք չի իմացել դրա տեղը։ Մարդիկ խնայել են ձեզ բազում այլ խնդիրներ բարձրաձայնելով, իսկ հիմա պարզվում է, որ կառավարության տակ մի ամբողջ 20,5 միլիոն դրամ կար դրած ու իրենք չեն իմացել այդ մասին։
Թեմա
Մհեր Արշակյան










