Գլխավոր Լրահոս

Պարույր Հայրիկյանի վաստակը

Կառավարությունն իր երեկվա նիստում որոշում է ընդունել 20,5 մլն դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով: Հարկատուների գումարների նմանատիպ ծախսը ՀՀ կառավարությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ Հայրիկյանը ավանդ է ունեցել Հայաստանի անկախացման գործում:

Նախ հարց է առաջանում՝ կա՞ն արդյոք բժշկական հետազոտության արդյունքներ, որոնց հիման վրա որոշում է կայացվել, որ Պարույր Հայրիկյանին Հայաստանում բուժել հնարավոր չէ, ու անհրաժեշտ է հարկատուներիս հաշվին արտերկրում բուժման ուղարկել:
Կասկածներ կան, որ արտերկրում բուժման համար գումար հատկացնելը պայմանավորված է զուտ ԱԻՄ առաջնորդի ցանկությամբ:

Երկրորդ՝ արդյոք ՀՀ կառավարությունը սահմանե՞լ է այն չափորոշիչները, որոնց համապատասխանելու դեպքում մարդը կարող է ճանաչվել որպես «ավանդ ունեցած Հայաստանի անկախացման գործում» և ըստ այդմ պետությունից՝ հատկապես բուժման նպատակներով գումարներ ստանալ: Եթե գոյություն ունեն այդպիսի չափորոշիչներ, ուրեմն պետք է հրապարակվի Հայաստանի անկախացման գործում ներդրում ունեցած բոլոր քաղաքացիների ցանկը, որպեսզի մենք՝ հարկատուներս, ճանաչենք ՀՀ անկախության երախտավորներին և չդժգոհենք նրանց բուժման համար հսկայական գումարներ հատկացնելու փաստից:

Ի վերջո, Արցախյան ազատամարտի մասնակից հաշմանդամ ազատամարտիկները, անկախության համար պայքարած մյուս քաղաքական գործիչները Հայրիկյանից քիչ ներդրում չեն ունեցել Հայաստանի անկախության կայացման գործում, և նրանցից շատերն էլ հավանաբար անհրաժեշտություն կունենան արտասահմանում բուժվելու:

Հ.Գ.
ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Մանյա Այվազյանը հայտարարել է, որ կրակոցից ճզմվել է Պարույր Հայրիկյանի նյարդային համակարգը: Հնարավոր է՝ նյարդային համակարգի հետ կապված խնդիրները լուրջ ազդեցություն ունեցած լինեն ԱԻՄ առաջնորդի կողմից Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցում: Տևական ժամանակ տատանվելուց հետո Պարույր Հարիկյանն ի վերջո որոշեց չդիմել Սահմանադրական դատարան և չհետաձգել նախագահական ընտրությունները: Ելնելով այս հանգամանքից՝ հավանաբար ՀՀ կառավարությունը հաշվի է առել նաև Պարույր Հայրիկյանի մեծ ներդրումը Սերժ Սարգսյանի շահերի սպասարկման գործում և որոշել է հարկատուների հաշվին պարգևատրել ԱԻՄ առաջնորդին:  

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում