Գլխավոր Լրահոս

Մերկ պատմություն երիտասարդ հանրապետականի համար

Հայաստանի hանրապետական կուսակցությունը իր ստեղծման օրվանից եղել է իշխանությունների հետ, իշխանությունների կողքին, իսկ վերջին տարիներին՝ նաև միահեծան իշխանություն: Նժդեհական գաղափարախոսություն կրող այս կուսակցության վաղ շրջանի՝ 1989-1990-ական թթ. պատմության մի դրվագին առիթ ունեցա ծանոթանալ երեկ՝ արխիվում աշխատելու ժամանակ: Այն ներկայացնում եմ հնարավորինս սեղմ՝ զերծ մնալով մեկնաբանություններից:

«Հայաստան» օրաթերթը 1990թ. դեկտեմբերի 19-ի համարում՝ առաջին էջում, հրապարակել է Հայաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը. «Մի քանի օր առաջ Հանրապետական կուսակցության անդամ ներկայացած մի խումբ անձինք գրավեցին կուսակցության Երևան քաղաքի Սպանդարյանի շրջկոմի շենքը… Հայաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն վճռական բողոք է հայտնում կուսակցության՝ Սպանդարյանի շրջկոմի շենքի ապօրինի գրավման կապակցությամբ և դիմում է Հայաստանի Նախարարների խորհրդին և համապատասխան գերատեսչություններին՝ գործող օրենսդրությանը համապատասխան անհապաղ միջոցներ ձեռնարկելու կարգուկանոնի վերականգնման, շենքը իր օրինական տիրոջը վերադարձնելու ուղղությամբ»:

«Ինչո՞ւ չի կասեցվում հակաօրինական գործողությունը» հրապարակման մեջ, որը դրվել է «Հայաստան» թերթի առաջին էջում՝ 1990թ. դեկտեմբերի 25-ի համարում, կարդում ենք. «Արդեն երրորդ շաբաթն է՝ Երևանի Սպանդարյանի կուսշրջկոմի շենքը բռնազավթված է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից, և այդ պատճառով ոչ միայն շրջկոմը չի գործում, այլև խաթարվել են շենքում տեղավորված Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի շուրջ 400 երեխաների պարապմունքները: Դեկտեմբերի 21-ին Հայաստանի Գերագույն խորհրդի [խորհրդարան-Թ. Հ.] նստաշրջանում հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Ա. Սարգսյանը.

— Եթե մենք իրոք մեր առջև նպատակ ենք դրել կառուցելու իրավական պետություն, ուրեմն ամեն կերպ պետք է ապահովենք օրինականության և իրավակարգի անշեղ պահպանումը: Մինչդեռ շրջկոմի շենքի բռնազավթումը հակաօրինական գործողության տիպիկ օրինակ է: Մենք դատախազությանը տեղյակ ենք պահել այդ մասին, բայց, ցավոք, առայսօր էական ոչինչ չի ձեռնարկված:

Ա. Սարգսյանի ելույթից անմիջապես հետո խոսափողին մոտեցավ Աշոտ Նավասարդյանը՝ Հանրապետական կուսակցության ղեկավարը.

— Հանրապետական կուսակցությունը պետք է իր շենքն ունենա՝ նորմալ գործելու համար: Մենք բազմիցս դիմել ենք կառավարությանը, ինչպես նաև Կոմկուսի ղեկավարությանը՝ խնդրելով մեզ շենք տրամադրել, բայց մեր խնդրանքներն ապարդյուն են անցել: Ուրիշ ելք չունենալով՝ հարկադրված գրավեցինք շենքը և մտադիր չենք այն վերադարձնել»:

Հիշեցնեմ միայն, որ Կոմկուսի կենտկոմի Սպանդարյանի շրջկոմի շենքի բռնազավթման այս շրջանում Հանրապետական կուսակցությունն ուներ ընդամենը մի քանի տասնյակ, գուցե մի քանի հարյուր անդամ, Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, Նախարարների խորհրդի նախագահը (վարչապետ)՝ Վազգեն Մանուկյանը, իսկ Կոմկուսի առաջնորդը՝ Ստեփան Պողոսյանը: Այդ օրերին ներքին գործերի նախարարը Կառլոս Պետրոսյանն էր, անվտանգության ղեկավարը՝ Հուսիկ Հարությունյանը:

Հանրապետական կուսակցությունը 1991թ. նախագահական ընտրություններին մասնակցել է նախագահի իր թեկնածուով՝ գրավելով վերջին տեղը: Աշոտ Նավասարդյանը ստացավ քվեների 0.16 տոկոսը: 1995թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ՀՀՇ-ի հետ դաշինք կազմեց, 1996թ. պաշտպանեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: 1998թ. պալատական հեղաշրջման օրերին ՀՀԿ-ն առաջիններից լքեց շեֆին՝ Տեր-Պետրոսյանին: Շարունակությունը շատ թե քիչ հայտնի է:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում