Գլխավոր Լրահոս

«Արմավիան» կարող է սնանկ ճանաչվել

«Արմավիան» կարող է սնանկ ճանաչվել

«Արմավիան» ոչ միայն ֆինանսական հնարավորություններ չունի ավիափոխադրումներ իրականացնելու ապրիլի 22-ից հետո, այլև բացառված չէ ընկերության սնանկացման տարբերակը։ Պարզ չէ նաև, թե ինչ է լինելու ազգային ավիափոխադրողի $30 մլն պարտքերի հետ, կամ ինչ ուղղությամբ է զարգանալու ավիափոխադրումների հայաստանյան շուկան։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի խոսքով՝ դեռ պիտի հստակեցվի «Արմավիայի»՝ որոշ ավիաուղղություններով ուղևորափոխադրումներ իրականացնելու բացառիկ իրավունքի ճակատագիրը, երբ ավարտվի կառավարության և ընկերության միջև ստորագրված պայմանագրի ժամկետը։

Մարտի 28-ին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանը լրագրողներին ասաց, որ «Արմավիան» չունի այն ֆինանսական հնարավորությունները, և ընկերության վիճակն էլ այնպիսին չէ, որ կարողանա երկարաձգել պայմանագիրը և կատարել պետության կողմից առաջադրվող պարտականությունները։ Խոսքը Հայաստանի կառավարության, «Սիբիր ավիաուղիներ» և «Արմավիա» ընկերությունների միջև 2003թ. մարտի 14-ին ստորագրած 10 տարի ժամկետով պայմանագրի մասին է, որը որոշ ուղղություններով ավիափոխադրումներ իրականացնելու բացառիկ իրավունք է վերապահում ազգային ավիափոխադրողին։ Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է ապրիլի 22-ին, և Մովսեսյանի խոսքով՝ հենց այս ժամանակահատվածում էլ կկայացվի վերջնական որոշում՝ այս ավիաուղղություններով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունքի վերաբերյալ։
«Ինտենսիվ քննարկումների փուլում ենք կառավարությունում, և դա միայն ՔԱԳՎ-ի որոշելիքը չէ։ Պետք է լինի կառավարության կողմից թելադրվող քաղաքականություն, քանի որ լուծումների դաշտը բավական տարբեր է»,– ասաց Մովսեսյանը։

Հարցին՝ կողմնակից է արդյոք ՔԱԳՎ-ն բացառիկության իրավունքի երկարաձգմանը, թե ավիացիոն փոխադրումների շուկան պետք է ազատականացվի, Մովսեսյանը պատասխանեց, որ բոլոր լուծումներն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը։ Նրա խոսքով՝ շուկայի ազատականացում ասվածը լայն ընդգրկում ունի։ Այն կարող է լինել թե «բաց երկնքի» քաղաքականության, թե ազատականացման աստիճանական գործընթացի տեսքով։

«Այս պահին միանշանակ տարբերակ նշելու համար նաև քաղաքական մոտեցում է պետք։ Զուտ մասնագիտական տեսակետից՝ մենք կարող ենք ունենալ և՛ պետական ավիաընկերություն, և՛ մասնավոր ընկերություն, և՛ «բաց երկնքի» քաղաքականություն։ Բոլոր այս տարբերակներն ունեն բացասական և դրական կողմեր. որոշում կայացնելու համար կառավարությունն ընդհանուր մոտեցում պետք է ցուցաբերի»,– ասաց Մովսեսյանը՝ հավելելով, որ ՔԱԳՎ-ին որևէ ընկերություն դեռ չի դիմել ավիաուղղությունների շահագործման հայտով։

Հարցին, թե կարող է «Արմավիայի» ֆինանսական վիճակը հանգեցնել ընկերության սնանկ ճանաչմանը, Մովսիսյանը բավական կարճ պատասխանեց՝ կարող է։

Մեկ այլ հարցի՝ ինչպիսի լուծում է նախատեսվում, եթե մինչև ապրիլի 22-ը այդ ավիաուղղությունները սպասարկող որևէ այլ ընկերություն չհայտնվի, Մովսեսյանը պատասխանեց՝ պայմանագրով նախատեսված է, որ եթե «Արմավիան» ունենա համապատասխան ֆինանսական միջոցներ, ապա հնարավոր է պայմանագրի երկարաձգում ողջամիտ ժամկետով, մինչև նոր ընկերության ի հայտ գալը։ «Մենք նպատակադրված չենք հարցը չլուծված թողնել և կարծում ենք՝ այն ապրիլի ընթացքում կլուծվի»,– ասաց Մովսեսյանը։

Ավիափոխադրումների հայաստանյան շուկայում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բացառիկության իրավունքի մասին պայմանագիրը չերկարաձգելը առաջին հերթին բխում է «Արմավիայի» շահերից։ Հատկապես վերջին երկու տարիներին ազգային ավիափոխադրողը լուրջ պարտքեր է կուտակել ինչպես Հայաստանում, այդպես էլ երկրի սահմաններից դուրս։ Պարտքը, մոտավոր հաշվարկներով, գերազանցում է $30 մլն-ը, որից մոտ $20 մլն-ը՝ բանկային համակարգին։ «Արմավիայի» բազմաթիվ պարտապաններից մեկը՝ «ՎՏԲ Հայաստան բանկը», փետրվարին ընկերության դեմ նույնիսկ $10 մլն-ի դատական հայց է ներկայացրել։

Որոշ ավիաուղղությունների սպասարկման բացառիկության իրավունքի կորուստը «Արմավիայի» սեփականատիրոջը՝ Միխայիլ Բաղդասարովին հնարավորություն կտա սնանկ ճանաչել ընկերությունը և խուսափել ֆինանսական լուրջ կորուստներից։ Ընկերության միակ ծանրակշիռ ակտիվը հենց բացառիկության իրավունքն է։ Պարզ չէ անգամ, թե ավիապարկում առկա ութ ինքնաթիռներից քանիսն է ընկերության սեփականությունը և քանիսն է վերցված լիզինգով։

Ուշագրավ է, որ անցած տարի «Արմավիան» ֆինանսական իր խնդիրների համար փորձում էր մեղադրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը՝ նշելով, որ օդանավակայանում բավական բարձր են սակագները։ Երեկ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանը, սակայն, հայտարարեց, որ «Զվարթնոցում» գները բարձր չեն, դրանք մրցունակ են, եթե նույնիսկ հաշվի առնվեն վառելիքի հետ կապված խնդիրները։

««Զվարթնոցի» գները կարող են բարձր դառնալ թույլ մասնագիտական վերլուծության արդյունքում»,– ասաց Մովսեսյանը՝ հավելելով, թե այլ օդանավակայանների հետ համեմատելիս պետք է հաշվի առնել, որ «Զվարթնոցը» ծառայություններն առաջարկում է մեկ փաթեթով, մյուսները սակագները սահմանում են ըստ առանձին ծառայությունների, ու երբ դրանք բերվում են հանրագումարի, ստացվում է շատ ավելի մեծ գումար, քան «Զվարթնոցում» է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում