Գլխավոր Լրահոս

Գործադիրը հաստատեց բողոքի ալիքի տեղիք տված օրենսդրական փաթեթը

Գործադիրը հաստատեց բողոքի ալիքի տեղիք տված օրենսդրական փաթեթը

Կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում հավանություն տվեց տաքսու վարորդների շրջանում բողոքի ալիք բարձրացրած ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների փաթեթին։ Ըստ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» ղեկավար Արմեն Եղիազարյանի՝ փոփոխություններն ուղղված են լիցենզավորման ընթացակարգերի պարզեցմանն ու ֆինանսական ծախսերի կրճատմանը։ Փոփոխությունների արդյունքում ոլորտի ընդհանուր ծախսերը կկրճատվեն Դ1,5 մլրդ-ով։

Կառավարության նիստին ներկայացնելով օրենսդրական փոփոխությունների փաթեթը՝ Արմեն Եղիազարյանը նշեց հիմնական կետերը։ Նախ՝ հստակեցվել է Երևան քաղաքից դուրս լիցենզիաների տրամադրման կարգը. այն կիրականացվի մեկ պատուհանի սկզբունքով՝ մարզպետարանում: Տաքսիստներն այլևս ստիպված չեն լինի լիցենզիաների հետևից ուղղվել Երևան։ Երկրորդ՝ կմիավորվեն տաքսիների համար նախատեսված պետական տուրքն ու հաստատագրված վճարը: Կսահմանվի մեկ արտոնագրային վճար, Երևանում՝ ամսական Դ12 հազ., հեռավոր շրջաններում՝ Դ4 հազ.: Ընդ որում՝ եռամսյակային միանգամյա վճարը կլինի Դ34 հազ., իսկ տարեկան միանգամյա վճարը՝ Դ120 հազ.: Ըստ Արմեն Եղիազարյանի՝ տաքսիստները հարկային հաշվետվություն չեն ներկայացնի՝ խնայելով ամսական առնվազն Դ3 հազ., որը վճարում էին միջնորդներին: «Տաքսիստների վերջին շրջանի բողոքի ակցիաները կազմակերպված էր հենց համապատասխան ծառայություններ մատուցողների կողմից, որովհետև նրանք այս պարզեցումների հետևանքով զգալի եկամուտներ են կորցնում»,– նշեց Եղիազարյանը։

Բացի այդ՝ մեկից մինչև ութ մեքենա ունեցողների համար յուրաքանչյուր մեքենայի համար կսահմանվի Դ25 հազ. պետական տուրք։ Ներկայում երկրորդ ավտոմեքենա ունեցող անհատ ձեռներեցը վճարում է Դ200 հազ.՝ անկախ մեքենաների քանակից։
Ոստիկանության առաջարկով հանվել է դեղին պետհամարանիշը, ինչը թույլ է տալիս խնայել Դ17 հազ.: Դեղին համարանիշները կփոխարինվեն անվճար տրամադրվելիք ինքնակպչող կտրոններով։ Օրենսդրորեն հանվելու է նաև տրանսպորտային միջոցի կայանատեղ ունենալու պահանջը, ամենօրյա բուժզննման ու տեխզննման պահանջը, ինչը թույլ կտա տաքսիստներին ամսական խնայել Դ10-15 հազ.: Ըստ Եղիազարյանի՝ աշխարհում ոչ մի տեղ նման պահանջ չկա, իսկ Հայաստանում այն ձևական բնույթ է կրել։

Երեկ կառավարությունը հավանություն է տվել նաև օրենսդրական փաթեթին, որով կարգավորվում է «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման» ենթաոլորտը։ Այստեղ ևս առաջարկվում է հանել լիցենզիայի պահանջը, ներդնել մեկ պատուհանի սկզբունքը, երբ կազմակերպությունը դիմում է մեկ մարմին (մրցութային հանձնաժողովը կազմավորող մարմին) և մրցույթում հաղթելու դեպքում վերջինից ստանում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Ներկայում ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններն անցնում են երկու գործընթաց՝ լիցենզավորման և մրցույթի մասնակցության: Ընդ որում՝ լիցենզիա ունենալը հանդիսանում է մրցույթի մասնակցության նախապայման։
Առաջարկվել է հստակ սահմանել տրանսպորտային միջոցներին ներկայացվող չափանիշների գնահատման համակարգը, մասնավորապես՝ Երևանում սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման առանձնահատկություններ, ուղևորափոխադրման իրականացման հնարավորություն տալ ավագանու կողմից սահմանված փոխադրավարձով, փոխադրումների իրականացման նախապատվություն տալ օպերատորին։ Սահմանվելու են նաև մրցույթի մասնակցության պետական տուրք, փոխադրումների իրականացման հստակ ժամկետներ։

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ հստակ կսահմանազատվեն պետական տուրքի վճարման չափերը, ինչը հնարավորություն կտա արդարացի մոտեցում ցուցաբերել տուրքի չափի սահմանման ժամանակ՝ պայմանավորված շահութաբերությամբ։
Փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա անցնել միասնական վճարային համակարգի, ինչը կձերբազատի վարորդների կողմից փոխադրավարձի հավաքման գործընթացից, և անցում կկատարվի վճարման քաղաքակիրթ եղանակների։ Խնդիրն այն է, որ եթե ներկայում Երևանում երթուղու ուղևորավարձը որոշվում է մրցույթի արդյունքում, ապա փոփոխություններից հետո սպասարկումն իրականացվելու է Երևանի ավագանու կողմից սահմանված փոխադրավարձով: Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների աճ), Երևանում մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և Երևանի ավագանու որոշմամբ։

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» հաշվարկներով փոփոխությունների արդյունքում պետբյուջեի եկամուտները կարող են ավելանալ տարեկան կտրվածքով Դ20 մլն-ի չափով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում