BlackBerry-ի համահիմնադիրը լքում է ընկերությունը

Բջջային հեռախոսներ արտադրող կանադական BlackBerry ընկերության (նախկինում` RIM) համահիմնադիր Մայք Լազարիդիսը ընթացիկ տարվա մայիսի 1-ից կլքի տնօրենների խորհրդի փոխնախագահի պաշտոնը: Verge-ի հաղորդմամբ` նա մտադիր է է զբաղեցնել իր հիմնադրած վենչուրային ֆոնդի ղեկավարի պաշտոնը:
Նշենք, որ Լազարիդիսը և ընկերության մեկ այլ համահիմնադիր Ջիմ Բալսիլին երկար տարիներ համատեղել են գլխավոր տնօրենների և տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները: 2012թ. հունվարին ընկերության տնօրենների խորհուրդը նոր գլխավոր տնօրենի պաշտոնում էր նշանակել Թորստեն Հեյնսին: Լազարիդիսը, իր հերթին, զբաղեցրել էր տնօրենների խորհրդի փոխնախագահի պաշտոնը, իսկ Բալսիլին` պահպանել էր իր դիրքերը տնօրենների խորհրդի կազմում:
Մայք Լազարիդիսը BlackBerry-ում աշխատել է շուրջ 30 տարի: Անցած շաբաթ նա հիմնել է $100 մլն արժողությամբ Quantum Valley Investments վենչուրային ֆոնդը, որն աջակցելու է քվանտային գիտության ձեռքբերումների առևտրայնացման քաղաքականությանը: Լազարիդիսը հայտարարել է, թե BlackBerry 10 սմարթֆոնի թղարկմամբ ինքը կատարել է տնօրենների խորհրդի առջև ստանձնած իր պարտականությունները:
Նշենք, որ 2013թ. ֆինտարվա 4-րդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է $98 մլն` նախորդ տարվա $125 մլն վնասի համեմատ:
Թեմա
Civilnet










