«Արմավիա» ավիաընկերությունը որոշել է ապրիլի 1-ից դադարեցնել թռիչքները և սկսել սնանկացման գործընթացը:
Ընկերության տարածած հաղորդագրությունում ասված է. «Ներկայիս դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ աշխատելն այլևս անհնար է։ Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել թռիչքները և սկսել սնանկացման գործընթացը։
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղևորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի, և մաղթում է նրանց հաջողություն»։
Նշենք, որ «Արմավիայի» այս որոշումը բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ ապրիլի 22-ին ավարտվում է Հայաստանի կառավարության, «Սիբիր ավիաուղիներ» և «Արմավիա» ընկերությունների միջև 2003թ. մարտի 14-ին ստորագրած պայմանագրի ժամկետը, որով «Արմավիային» որոշ ուղղություններով ավիափոխադրումներ իրականացնելու բացառիկ իրավունք էր վերապահվում։ Հատկանշական է նաև, որ «Արմավիան» այս հայտարարությունը տարածեց այն բանից հետո, երբ երեկ` մարտի 28-ին, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանը չբացառեց «Արմավիայի» սնանկացման հնարավորությունը:
Ավիափոխադրումների հայաստանյան շուկայում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բացառիկության իրավունքի կորուստը և սնանկացումը առաջին հերթին բխում է Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիայի» շահերից։ Հատկապես վերջին երկու տարիներին ազգային ավիափոխադրողը լուրջ պարտքեր է կուտակել ինչպես Հայաստանում, այդպես էլ երկրի սահմաններից դուրս։ Պարտքը, մոտավոր հաշվարկներով, գերազանցում է $30 մլն-ը, որից մոտ $20 մլն-ը՝ բանկային համակարգին։ «Արմավիայի» բազմաթիվ պարտապաններից մեկը՝ «ՎՏԲ Հայաստան բանկը», փետրվարին ընկերության դեմ նույնիսկ $10 մլն-ի դատական հայց է ներկայացրել։
Ընկերության միակ ծանրակշիռ ակտիվը հենց բացառիկության իրավունքն էր։ Պարզ չէ անգամ, թե ավիապարկում առկա ութ ինքնաթիռներից քանիսն է ընկերության սեփականությունը և քանիսն է վերցված լիզինգով։
Civilnet











