Բանկային համակարգը շարունակում է չվստահել ազգային արժույթին և ընդհանուր վարկային պորտֆելում ավելացնել դոլարային վարկերի մասնաբաժինը՝ այն հասցնելով 65,17%-ի։ Այս կերպ բանկերն արտարժութային հիմնական ռիսկերը տեղափոխում են վարկառուների ուսերին՝ ավելացնելով գնաճային ճնշումները։ Եվ սա այն դեպքում, երբ քաղաքացիները «հավատարիմ են» ազգային արժույթին. երկու ամիսների կտրվածքով ավանդների դոլարիզացիան մնացել է անփոփոխ՝ 69,6%։
Այս տարվա հունվար-փետրվարին բանկային համակարգում ավանդների ծավալն ավելացել է 4,6%-ով՝ փետրվարի վերջին կազմելով Դ1,267 տրլն։ Արտարժութային ավանդների ծավալն աճել է Դ37,1 մլրդ-ով կամ 4,4%-ով, դրամայինը՝ Դ18 մլրդ-ով կամ 4,9%-ով։ Դրամային ավանդների առաջանցիկ աճի տեմպի արդյունքում դոլարիզացիայի մակարդակը չի փոխվել՝ փետրվարի վերջին կազմելով 69,6%։
Հաշվետու ժամանակահատվածում դոլարային ավանդները գրեթե հավասարաչափ նախընտրել են և՛ ռեզիդենտները, և՛ ոչ ռեզիդենտները։ Բանկերի ավանդների կառուցվածքից երևում է, որ այս ընթացքում ձեռնարկությունները ցպահանջ ավանդները վերափոխել են ժամկետայինի՝ ցպահանջ ավանդների ծավալը կրճատվել է Դ6 մլրդ-ով, ժամկետայիններինը՝ Դ9 մլրդ-ով։ Դ16,3 մլրդ-ով ավելացել են նաև քաղաքացիների ժամկետային դոլարային ավանդները։
Ցպահանջ դրամային ավանդները պահանջարկված չեն եղել։ Եթե երկու ամսվա ընթացքում դրանց ծավալն ավելացել է Դ5,6 մլրդ-ով, ապա ժամկետայիններինը՝ Դ12 մլրդ-ով։ Ժամկետային դրամային ավանդների աճն ապահովել են հիմնականում քաղաքացիները՝ տնային տնտեսությունների ժամկետային ավանդների ծավալն ավելացել է Դ9,5 մլրդ-ով։
Քաղաքացիների կողմից դրամի նկատմամբ վստահությունը պայմանավորված է եղել հունվար-փետրվարին դրամի կայուն վարքագծով. երկու ամսվա ընթացքում դրամը թուլացել է ընդամենը 1 կետով։ Մյուս կողմից՝ մեկ տարուց ավելի ժամկետայնության ավանդների միջին տոկոսադրույքը փետրվարին տարեկան կտրվածքով ավելացել է 1-տոկոսային կետով՝ հասնելով 12,18%-ի։ Բացի այդ՝ փոխարժեքի կտրուկ տատանումներից քաղաքացիներին ապահովագրում է օրենսդրական բացը։ Բանկերը պարտավոր են քաղաքացու պահանջի դեպքում վերադարձնել գումարը, ինչը նշանակում է, որ ժամկետային և ցպահանջ ավանդների միջև որևէ տարբերություն գործնականում չկա՝ բացի տոկոսադրույքներից։
Թեև դրամային ավանդների ավելացումը բխում է բանկերի շահերից, նպաստավոր չէ նրանց տոկոսադրույքային քաղաքականությունը դոլարային ավանդների մասով։ Այսպես՝ փետրվարին տարեկան կտրվածքով մեկ տարուց ավելի դոլարային ավանդների միջին տոկոսադրույքն ավելացել է 0,8-տոկոսային կետով, դեկտեմբերի համեմատ՝ 0,36-տոկոսային կետով՝ կազմելով 8,1%։ Իհարկե, դրամային ավանդների տոկոսադրույքներն ավելի բարձր են, քան դոլարայիններինը, բայց եթե հաշվի առնվի միայն գնաճի գործոնը, ապա ակնհայտ է, որ տոկոսադրույքները գրեթե նույն մակարդակում են։
Գյուղը խեղդել դոլարով
Հունվար-փետրվարին բանկային համակարգում վարկային պորտֆելն աճել է Դ53 մլրդ-ով կամ 3,3%-ով՝ կազմելով Դ1,658 տրլն։ Բանկերն ընդհանուր առմամբ տրամադրել են Դ272 մլրդ-ի վարկեր, որից ազգային արժույթով՝ Դ165 մլրդ, արտարժույթով՝ Դ107 մլրդ։ Ստացվում է, որ երկու ամսվա ընթացքում բանկային համակարգում մարվել են Դ219 մլրդ-ի վարկեր, ընդ որում՝ հիմնականում դրամային։ Բանն այն է, որ Դ165 մլրդ-ի վարկերի տրամադրման պայմաններում բանկային համակարգում երկու ամիսներին դրամային վարկերի պորտֆելն աճել է ընդամենը 4,3 մլրդ-ով։ Արդյունքում երկու ամսվա ընթացքում դոլարային վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում ավելացել է 0,87-տոկոսային կետով՝ կազմելով 65,17%։
Ըստ ոլորտների տրամադրված վարկերի կառուցվածքից երևում է, որ բանկերը նախընտրում են դրամային վարկերն ուղղել ֆինանսական սեկտոր. ներդրումային ընկերություններին տրամադրած վարկերի պորտֆելն ավելացել է Դ3,2 մլրդ-ով։
Բացի այդ՝ բանկերը չեն ցանկանում կարճաժամկետ արտարժութային ռիսկեր կրել։ Խնդիրն այն է, որ երկու ամիսներին գյուղատնտեսությանը տրամադրված դրամային վարկերի ծավալն ավելացել է Դ148 մլն-ով, այն դեպքում երբ դոլարայինն ավելացել է ˇ4,4 մլրդ-ով։ Գյուղատնտեսական վարկերի պորտֆելի 70%-ը դոլարային է, և եթե հաշվի առնենք, որ գյուղացիական տնտեսությունների եկամուտները դրամային են, ապա ստացվում է որ դրամի արժեզրկման դեպքում կտրուկ ավելանում են վարկերի սպասարկման ծախսերը։
Բանկերը կրճատում են նաև առևտրի ոլորտի դրամային վարկերի պորտֆելը. հունվար-փետրվարին այն կրճատվել է Դ3,6 մլրդ-ով, մյուս կողմից՝ մեծածախ առևտրի դոլարային վարկային պորտֆելն ավելացել է Դ6,8 մլրդ-ով։ Սա ևս նշանակում է, որ դրամի արժեզրկման պայմաններում ավելանալու են վարկերի սպասարկման ծախսերը։ Հաշվի առնելով առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում կենտրոնացվածության բարձր աստիճանը՝ դրամի արժեզրկման պայմաններում վարկի սպասարկման ծախսերի ավելացումը տեղափոխվելու է սպառողների ուսերին, պարզ ասած՝ տեղի է ունենալու գների աճ։
Երկու ամիսներին բանկերը Դ8,55 մլրդ-ով ավելացրել են հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների վարկային պորտֆելը (փետրվարի վերջին կազմել է Դ89 մլրդ)։ Ոլորտը թեև ապահովագրված է արտարժութային ռիսկերից, քանի որ արտադրանքն արտահանվում է, սակայն ընկերությունները կախված են համաշխարհային շուկայում մետաղների գներից։ Մետաղների գնանկման տրենդի պահպանման դեպքում կարող են ավելանալ նաև վարկերի սպասարկման ռիսկերը։
Որ բանկերը դրամի արժեզրկում են կանխատեսում թե՛ միջնաժամկետ, թե՛ երկարաժամկետ կտրվածքով, երևում է մասնավորապես հիպոթեքային վարկերի պորտֆելից։ Այսպես՝ հունվար-փետրվարին այս վարկատեսակի դրամային պորտֆելը կրճատվել է Դ1,2 մլրդ-ով, դոլարայինը ավելացել է Դ1,4 մլրդ-ով։ Սա նշանակում է, որ բանկերը թեև դրամային հիպոթեքային վարկեր տրամադրում են պետական ծրագրերով, մարումների տեմպն առաջանցիկ է, և բանկերը չեն ցանկացել միջոցները կրկին ուղղել դրամային վարկավորման։ Եթե հաշվի առնենք, որ հիպոթեքային վարկերի միջին ժամկետը տասը տարի է, ակնհայտ է, որ բանկերը չեն ցանկանում ավելացնել դրամային պորտֆելի ծավալը և կրել արտարժութային ռիսկեր։
Ուշագրավ է, որ երկու ամիսներին կտրուկ աճել է սպառողական վարկերի ծավալը՝ Դ6,03 մլրդ-ով, ընդ որում՝ ոսկու գրավադրմամբ դրամային վարկերի ծավալն աճել է Դ6,3 մլրդ-ով կամ 7%-ով։ Եթե հաշվի առնենք, որ սպառողական դրամային վարկերի միջին տոկոսադրույքը հասնում է մինչև 24%, ակնհայտ է՝ ոսկու գրավի դիմաց վարկերը հիմնականում ուղղվել են կենցաղային խնդիրների լուծմանը։
Civilnet











