2012-ին օտարերկրյա ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսությունում կազմել է $1,587 մլրդ, այդ թվում ուղղակի ներդրումներ՝ $656,7 մլն-ի։ Ընդ որում, կրճատվել են թե՛ օտարերկրյա (ներառյալ պետական կառավարման և բանկային համակարգով ստացված), թե՛ ուղղակի ներդրումները՝ համապատասխանաբար 8,6%-ով և 27,5%-ով։
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ 2012թ. տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է $751,8 մլն (կրճատվել է 7,9%-ով), այդ թվում ուղղակի ներդրումներինը՝ $567,4 մլն (նվազել է 10,1%-ով)։
Անցած տարի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 37,6%-ը և ուղղակի ներդրումների 49,82%-ը ուղղվել է հեռահաղորդակցության ոլորտ ($282,7 մլն): Մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտ է ուղղվել օտարերկրյա ներդրումների 14,31%-ը ($106,7 մլն), հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտ՝ 12,47%-ը ($94,6 մլն)։ Համեմատության համար՝ 2011թ. մետաղական հանքաքարի արդյունահանման և հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ոլորտների մասնաբաժինը ընդհանուր ներդրումներում կազմել է 9,4%։
Եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն 2011թ., երբ օտարերկրյա ներդրումների 23,69%-ն է ուղղվել հիմնային մետաղների արդյունահանման ոլորտ, ապա անցած տարի ուղղվել է ներդրումների 0,96%-ը ($7,2 մլն)։ Ստացվում է, որ նույնիսկ հանքարդյունաբերության ոլորտում են ներդրումները կրել որակական փոփոխություններ։ Պարզ ասած, եթե 2011թ. ներդրումները կատարվում էին վերամշակման սեգմենտում, ապա անցած տարի՝ պարզապես հանքերի շահագործումում։
Առանձին երկրներից կատարված ներդրումների կառուցվածքից երևում է, որ անցած տարի կտրուկ նվազել են Ռուսաստանից ներդրումները՝ 68,8%-ով (կազմել են $122,7 մլն), ուղղակի ներդրումները նվազել են 73,9%-ով (մինչև $88,3 մլն)։ ԱՄՆ-ից ներդրումների ծավալը կրճատվել է 66,6%-ով՝ կազմելով $14,6 մլն, ուղղակի ներդրումները կրճատվել են 83,9%-ով՝ կազմելով $3,8 մլն։
Մյուս կողմից՝ կտրուկ աճել են օֆշորային երկրներից ներդրումները։
Այսպես, Շվեյցարիայից Հայաստանի տնտեսությունում կատարված ուղղակի ներդրումներն աճել են 2,4 անգամ՝ կազմելով $44,6 մլն, ուղղակի ներդրումներն աճել են 5,5 անգամ՝ հասնելով $43,7 մլն-ի։
Անցած տարի առաջին անգամ Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարվել են օֆշորային Սեյշելյան կղզիներից, ընդ որում ամբողջ ծավալը ուղղակի ներդրումներ են։ Սեյշելյան կղզիներից Հայաստանում ներդրված $23,6 մլն-ից 20,6 մլն-ն ուղղվել է հեռահաղորդակցության ոլորտ։
Չի բացառվում, որը խոսքը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված Ucom ընկերությունում կատարված ներդրումների մասին է։
Չի բացառվում նաև, որ Սեյշելյան կղզիներից ներդրումներն իրականում Հայաստանից արտահոսած միջոցներն են։ Ուշագրավ է, որ հայկական միջոցների վերադարձը խթանելու համար կառավարությունը ֆինանսների նախարարության առաջարկով 2011թ. օֆշորային Սեյշելյան Կղզիների հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր էր կնքել։
Մեկ այլ օֆշորային երկրից՝ Լյուքսեմբուրգից, անցած տարի ուղղակի ներդրումներն աճել են 46,1%-ով՝ կազմելով $13,22 մլն։ Այդ միջոցներն ամբողջովին ուղղվել են խմիչքների արտադրություն ոլորտ։
Ուշագրավ է Ֆրանսիայից ներդրումների 2,3 անգամ աճը, ընդ որում՝ $230,4 մլն-ը ուղղակի։ Այդ ներդրումներից $19,5 մլն-ն ուղղվել է խմիչքների արտադրության ոլորտ, $210,5 մլն-ը՝ հեռահաղորդակցության ոլորտ։
Խոսքը, ամենայն հավանականությամբ, «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորի ներդրումների մասին է (հեռահաղորդակցության ոլորտում այլ ֆրանսիական ընկերություն չկա)։ Սակայն ընկերության ֆինանսական հաշվետվությունները, վճարած հարկերի ծավալը նման ծավալի ներդրումներ չի արտացոլում։ Մասնավորապես, ՊԵԿ-ի տվյալներից երևում է, որ անցած տարի «Օրանժ Արմենիայի» վճարած հարկերը կրճատվել են 8,1%-ով, կազմելով՝ Դ2,8 մլրդ։ «Օրանժ Արմենիայի» հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների հաշվետվությունների համաձայն՝ 2012թ. առաջին երեք եռամսյակներին ընկերության կապիտալ ծախսերը կազմել են Դ4 մլրդ կամ շուրջ $10 մլն։ Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ ընկերությունը չորորդ եռամսյակում լուրջ կապիտալ ներդրումներ է կատարել, միևնույն է, բավական դժվար է երեք ամսում $200 մլն «ծախսել»։
Իսկ թե որտեղից է ԱՎԾ-ն ստացել Ֆրանսիայից հեռահաղորդակցության ոլորտում $210,5 մլն-ի ներդրումներ, առայժմ պարզ չէ։
Civilnet











