Հաջորդ երկու iPhone-ները նախագծվել են դեռ Ջոբսի կենդանության օրոք

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը, որը մահացել է 2011թ., իր մասնակցությունն է ունեցել դեռ չթողարկված երկու նոր iPhone-ների նախագծման աշխատանքներին, հաղորդում է Businessinsider-ը:
Այս մասին հայտնի է դարձել ընկերության ներկայացուցիչ Մայքլ Ֆոուլքսի և Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ Ջորջ Գասկոնի բանակցությունների ընթացքից:
Հանդիպմանը Գասկոն Ֆոուլքսին փորձել է համոզել, որ վերջինս iPhone կամ iPad սարքավորումներում ներդնի մի տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա սարքավորման գողության դեպքում ամբողջովին անջատել այն: Դատախազն այս տեխնոլոգիայի ներդրման անհրաժեշտությունը մեկնաբանել է նրանով, որ 2012թ. տվյալների համաձայն` Ֆրանցիսկոյում կատարված գողությունների կեսից ավելին կապված է եղել Apple-ի արտադրանքի հետ:
SF Examiner-ի հաղորդմամբ` ի պատասխան այս առաջարկությանը` Ֆոուլքսը նշել է, որ ընկերությունը դժվար թե ընդունի այն, քանի որ երկու նոր սարքավորումները նախագծել է Սթիվ Ջոբսը:
Հիշեցնենք, որ Ջոբսը մահացել է iPhone 4S-ի շնորհանդեսի հաջորդ օրը: 2013թ. սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է iPhone 5-ը:
Հատկանշական է, որ Apple-ը հնարավորություն է տալիս հեռակառավարմամբ արգելափակել կամ մաքրել գողացված սարքավորման բոլոր տվյալները: Այս գործողությունն իրականացվում է Find My Phone բջջային ծրագրի կամ iCloud տվյալների պահպանման ամպային ծառայության միջոցով: Սարքավորման լիակատար անջատման գործառույթը սակայն դեռ մշակված չէ:
Թեմա
Civilnet










