Գլխավոր Լրահոս

«Արմավիան» չի շտապում սնանկանալ

«Արմավիան» չի շտապում սնանկանալ

«Արմավիան» չի շտապում դիմել դատարան՝ սնանկ ճանաչելու խնդրանքով, թեև ավիափոխադրողը մարտի 29-ին հայտարարեց, որ ապրիլի 1-ին դադարեցնում է թռիչքները և սկսում է սնանկացման գործընթաց: Սիվիլնեթի տեղեկություններով՝ ընկերությունը դեռևս չի դիմել դատարան։ Ընկերության մամուլի ծառայությունում սնանկացման վերաբերյալ հստակ որևէ բան չեն հաղորդում:

«Սնանկության մասին» օրենքով հստակ սահմանված են սնանկացման ողջ գործընթացի ընթացակարգերը։ Նախ պարտապանը, տվյալ դեպքում՝ «Արմավիան», սեփական սնանկության ճանաչման նպատակով պարտավոր է դիմել դատարան։ «Արմավիան» պետք է ներկայացնի սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկը, կապիտալ և ֆինանսական ներդրումների տվյալները, ֆինանսական վերջին հաշվետվությունները, հիմնական և շրջանառու միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, պարտատերերի և պարտապանների ցուցակը, առանձին պարտավորությունների բնույթի և չափի մասին տեղեկատվությունը։

Սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից ընդունման պահից ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու՝ վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն առերևույթ անվճարունակ է:

Քանի դեռ «Արմավիան» չի դիմել դատարան, և դատարանի համապատասխան որոշում չի կայացվել, ընկերությունն ըստ էության չի կարող սնանկ համարվել և պարտավոր է կատարել բոլոր պարտավորությունները։

Չի բացառվում, որ ընկերության կողմից դատարան դիմելու ձգձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավիափոխադրողը լուրջ պարտքեր (ավելի քան $30 մլն) ունի բանկային համակարգին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին: Բացի այդ՝ «Արմավիան» պարտավորվել է վերադարձնել վաճառված տոմսերի գումարները։ Խնդիրն այն է, որ ընկերության վարկերի մի մասն ապահովված չեն գրավով, առկա է շուրջ $5 մլն-ի պարտք «Զվարթնոցին»:

«Արմավիայում» ՍիվիլՆեթին ասացին, որ պատրաստ են վերադարձնել տոմս գնած բոլոր մարդկանց գումարները: «Հիմա կոմերցիոն բաժինը սխեմա է մշակում, ըստ որի՝ բոլորը պետք է ստանան իրենց գումարները: Սկզբում` ապրիլի 2-ից սկսած՝ 14 բանկային օրվա ընթացքում կվերադարձվի օնլայն տոմս գնածների գումարները: Այս պահին հանվում են ամրագրվածները»,- ասացին ընկերությունում ՝ նշելով, որ կվերադարձվեն նաև այն մարդկանց գումարները, որոնց թռիչքը նախատեսված էր ապրիլի 2-ին կամ 3-ին, որպեսզի նրանք կարողանան ուրիշ ընկերության ինքնաթիռով մեկնել:
«Իսկ ովքեր տոմսերն առել են գործակալություններից, նրանք էլ թող վերադարձնեն: Այն գործակալությունները, որոնք գումարները փոխանցել են ընկերությանը, «Արմավիան» նրանց կտա գումարը, բայց կան շատ գործակալություններ, որոնք դեռ ընկերությանը չեն փոխանցել գումարները»,- ասացին ընկերությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում