Գլխավոր Լրահոս

Օֆշորներից քաշվածը

Օֆշորներից քաշվածը

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի եղբայրը՝ ռուսաստանաբնակ գործարար Հակոբ Հովսեփյանը, ձեռք է բերել «Հայբիզնեսբանկի» բաժնետոմսերի 25%-ը։ Սակայն որպեսզի գործարքն ավարտված համարվի, այն պետք է հաստատվի Կենտրոնական բանկի կողմից: Բանկային համակարգում ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ նոր բաժնետերը ԿԲ է ներկայացրել գործարքը հաստատելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ըստ գործող կարգի՝ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունենալուն նախնական համաձայնություն տալու ընթացքում Կենտրոնական բանկը գնահատում է այդ մասնակիցների հնարավորությունը և պատրաստակամությունը՝ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում (օրինակ՝ կապիտալի կտրուկ նվազում, իրացվելիության խնդիրների առաջացում, խոշոր վնասներ, արտակարգ իրավիճակներ) նրան լրացուցիչ ֆինանսական օժանդակություն տրամադրելու ուղղությամբ:

«Հայբիզնեսբանկում» ՍիվիլՆեթին ասացին, որ բաժնետիրոջ փոփոխություն տեղի չի ունեցել, և բանկի միակ բաժնետերը «Քրիստի մենեջմենթն» է։ Գործարքին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ օֆշորային Վիրջինյան կղզիներում գրանցված «Քրիստի մենեջմենթի» (որին 2011թ. հուլիսից պատկանում է «Հայբիզնեսբանկի» 100%-ը) կողմից «Հայբիզնեսբանկի» բաժնետոմսերի մի մասի վաճառքը պայմանավորված է բանկի ֆինանսական խնդիրներով և ոչ արդյունավետ կառավարմամբ։

«Հայբիզնեսբանկի» խնդիրների մասին կարելի է իմանալ նաև նրա ֆինանսական հաշվետվությունից։ Այսպես՝ 2012թ. վերջին բանկի չաշխատող վարկերի ծավալը կազմել է Դ4,8 մլրդ կամ ընդհանուր վարկային պորտֆելի 5,32%-ը։ Անցած տարի բանկի բարձր ռիսկայնությամբ (կասկածելի) վարկերի ծավալն ավելացել է 10 անգամ՝ կազմելով Դ556 մլն։ Նշենք, որ անցած տարի բանկային համակարգում չաշխատող վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում կազմում էր 3,5%։ 2011թ. վերջի դրությամբ «Հայբիզնեսբանկի» չաշխատող վարկերի ծավալը կազմել էր Դ3,68 մլրդ կամ վարկային պորտֆելի 3,32%-ը։

Թեև անցած տարի բանկի չաշխատող վարկերի գրեթե ողջ ծավալը բաժին է ընկել Հայաստանի ռեզիդենտներին, այդուհանդերձ առկա են դրանց ավելացման ռիսկեր։ Օրինակ՝ բանկը մոտ Դ22 մլրդ-ի վարկեր է տրամադրել օֆշորային ընկերություններին, մասնավորապես՝ Դ14,4 մլրդ-ի վարկեր Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը, Դ6,8 մլրդ՝ օֆշորային Կիպրոսում գրանցված ընկերությանը։ Թե որքանով են այդ վարկերը հուսալի, պարզ չէ, եթե հաշվի առնենք, որ անցած տարի բանկի չաշխատող վարկերից Դ119 մլն-ը տրամադրված էին Նորմանդական կղզիներում գրանցված մի ընկերության (2011թ. այդ ընկերության վարկերը դասված էին որպես ստանդարտ);

Բացի այն, որ անցած տարի «Հայբիզնեսբանկում» ընդհանուր վարկային պորտֆելում ավելացել էր չաշխատող վարկերի մասնաբաժինը, բանկը տարին փակել է Դ1,26 մլրդ վնասով, այն դեպքում, երբ 2011թ. ստացել էր Դ893 մլն-ի շահույթ։ 

Արմենակ Չատինյան

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում