Գլխավոր Լրահոս

«Երևանի կոնյակի գործարանն» անցնում է երկարաժամկետ պայմանագրերի

«Երևանի կոնյակի գործարանն» անցնում է երկարաժամկետ պայմանագրերի

Երևանի կոնյակի գործարանը (ապրանքանիշը՝ «Արարատ») անցնում է խաղողագործների հետ երկարաժամկետ պայմանագրերի հիմքով համագործակցությանը։ Ընդ որում՝ ընկերությունը փոխում է նաև ռազմավարությունը։ ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի խոսքով՝ եթե մինչ այս գործարանի գործունեության հիմքում կոնյակի իրացման հնարավոր ծավալներն էին, ապա այժմ՝ խաղողի մթերումը։

Ապրիլի 8-ին խաղողի մթերման առաջին երկարաժամկետ պայմանագրի ստորագրումից հետո կայացած ասուլիսին Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանն ասաց, որ առաջին փուլում, այս տարի, յոթ տարվա երկարաժամկետ պայմանագրեր են նախատեսվում 413 գյուղացիական տնտեսությունների հետ։ Առաջիկա տարիներին դրանց թիվը հասնելու է 2,5 հազ-ի։
Ըստ Գրիգորյանի՝ արտադրվող խաղողի ամբողջ ծավալի մթերման երկարաժամկետ պայմանագրերը կբարձրացնեն ներդրումների հուսալիությունը և գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կտան միջոցներն ուղղել խաղողի այգիներ։ «Մենք բանակցում են երկու բանկի հետ, որ մեր պայմանագրերի հիման վրա անհրաժեշտության դեպքում նրանք վարկային միջոցներ տրամադրեն գյուղացիներին»,– նշեց Գրիգորյանը՝ հավելելով, թե երկարաժամկետ պայմանագրերում ամրագրվելու է խաղողի մթերման նվազագույն գին՝ ֌130 1 կգ-ի դիմաց, որը ենթակա է վերանայման՝ դեպի բարձրացում։

ԵԿԳ գլխավոր տնօրենի խոսքով՝ այսօր Հայաստանում մթերվող խաղողի գինը ցածր չէ, ինչպես պնդում են գյուղացիները, պարզապես խաղողի այգիների ցածր բերքատվության պատճառով գյուղացիները չեն կարողանում լուրջ եկամուտներ ստանալ։ «Առկա են խաղողի այգիներ, որոնց բերքատվությունը 1 հա-ից 8 տ է, այն դեպքում, երբ նույն համայնքում մեկ այլ այգում բերքատվությունը կազմում է 20-30 տ»,– ասաց Գրիգորյանը։ Ըստ նրա՝ ԵԿԳ-ն նախատեսում է նաև տարածքներ գնել, խաղողի այգիներ հիմնել և ներդրումները վերադարձնելուց հետո այդ այգիները նվիրել գյուղացիական տնտեսություններին։

Հարցին, թե ինչ ճանապարհով է գործարանը մեղմելու մթերման երկարաժամկետ պայմանագրերի ռիսկերը, Գրիգորյանը պատասխանեց, որ ներկայում քննարկվում է ընկերության ռազմավարությունը փոխելու հնարավորությունը։ Խաղողի մթերման ծավալները ծրագրելիս գործարանը մինչ այս հաշվի էր առնում, թե որքան արտադրանք կարող է իրացնել, և ըստ այդմ կազմակերպում մթերումները։ Այժմ քննարկվում է արտադրական գործընթացի հիմքում մթերման ծավալները դնելու հնարավորությունը։ Այսինքն՝ գործարանը նախ ծրագրելու է մթերման ծավալները և միայն դրանից հետո փորձելու լուծել իրացման խնդիրները։

Ըստ Գրիգորյանի՝ նման մոտեցման դեպքում իհարկե անխուսափելի են ֆինանսական լուրջ ռիսկերը, հատկապես եթե շուկայում կտրուկ փոփոխություններ տեղի ունենան։ Ռիսկերը, այդուհանդերձ, կարճաժամկետ են լինելու։ «Ավելի լավ է մենք մեկ տարի ֆինանսական ռիսկեր կրենք, քան 5-7 տարի խնդիրներ լինեն խաղողի մթերման ծավալների հետ»,– նշեց Գրիգորյանը։ ԵԿԳ-ն այս տարի նախատեսում է մթերել ընդհանուր առմամբ 35 հազ. տ խաղող, ինչը ռեկորդային ցուցանիշ կլինի։

Անդրադառնալով արտադրական ծավալներին՝ Գրիգորյանը նշեց, որ եթե 2011թ. գործարանը վաճառել է 2,7 մլն լ կոնյակ, ապա անցած տարի իրացման ծավալները կազմել են 3,5 մլն լ։ 2011-2012 ֆինանսական տարում արտադրության ծավալները նախնական գնահատականներով կարող են աճել 27-28%-ով։ Գրիգորյանը նշեց, որ ներքին շուկայում ԵԿԳ-ի մասնաբաժինը 18-19% է, այն դեպքում երբ կոնյակի շուկայի 65%-ը բաժին է ընկնում մինչև ֌3 հազ. արժողությամբ կոնյակներին։ «3 հազ-ը կոմպրոմիսային գին է։ Եթե երեք տարի առաջ շուկայում առկա էր կոնյակ, որի մեկ շշի գինը կազմում էր ֌1-1,5 հազ., ապա այսօր նման կոնյակ շուկայում այլևս չկա»,– ասաց Գրիգորյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում