Լուսանկարը` Ֆոտոլուրի
Այս տարվա ապրիլի 1-ից գործունեությունը դե ֆակտո դադարեցրած «Արմավիա» ավիաընկերությունը ոչ միայն շուրջ $30 մլն գումար է պարտք հայկական ընկերություններին, այլև մի քանի միլիարդ դրամի պարտքեր է կուտակել պետբյուջեի առջև։ ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ 2009թ. մարտի վերջից, երբ օդի տուրքը ներառվեց ավիատոմսի գնի մեջ, «Արմավիան» ընդհանրապես գումար չի փոխանցել պետբյուջե։
2008թ. կառավարության որոշմամբ՝ Հայաստանից օդային փոխադրամիջոցներով դուրս մեկնելիս գանձվող Դ10 հազ-ը 2009թ. մարտից ներառվելու էր տոմսի գնի մեջ։ Հավաքագրված գումարները պետբյուջե պարտավորվում էին փոխանցել ավիաընկերությունները։
ՍիվիլՆեթի հարցմանը, թե օդի տուրքի գծով որքա՞ն գումար է պարտք «Արմավիան» պետբյուջեին, և ի՞նչ ժամանակահատվածում է կուտակվել այն, Պետական եկամուտների կոմիտեում դժվարացան հստակ պատասխանել։ «Ի պատասխան հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձումը պատվիրակված է կազմակերպություններին, և դրանց հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն այդ առումով առանձնացվում է հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ եկամուտների գանձման նկատմամբ իրականացվող հսկողությունից, «Արմավիայի»՝ ՀՀ-ից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել ընթացիկ համապատասխան ուսումնասիրության արդյունքներով»,– նշեցին ՊԵԿ-ում։
Խոսքն իրականում մի քանի միլիարդ դրամի մասին է, և հազիվ թե ՊԵԿ-ում չկան «Արմավիայի» պարտքի վերաբերյալ հստակ տվյալներ։ Մեկ այլ հարց է, թե ինչու պետբյուջեի հարկային մուտքերն ապահովող պետական մարմինը չի ցանկանում հրապարակել դրանք։
ՊԵԿ-ի նման պատասխանն անուղղակիորեն հիմնավորում է ՍիվիլՆեթի աղբյուրների պնդումը, որ վերջին չորս տարիներին «Արմավիան» պետբյուջե չի վճարել գանձված օդի տուրքը, և Պետեկամուտների կոմիտեն պարզապես աչք է փակել չվճարման փաստի վրա։ Մյուս կողմից՝ դժվար թե ՊԵԿ-ը սեփական նախաձեռնություն ցուցաբերեր այդ հարցում, հատկապես երբ վերջին չորս տարիներին կառավարությունը ՊԵԿ-ի առջև ամեն տարի լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելու խնդիր է դրել, ինչն ապահովվել է հիմնականում կանխավճարների ու գերավճարների հաշվին։
Երբ ընդունվում էր օդի տուրքի վերացման և այն տոմսի գնի մեջ ներառելու որոշումը, այն ժամանակ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարում էր, թե խոսքը տարեկան $25-30 մլն-ի մասին է։ Պարզ է, որ գումարի ողջ ծավալը չէր կարող բաժին ընկնել «Արմավիային», քանի որ օդային ուղևորափոխադրումներ իրականացնում են նաև այլ ավիաընկերություններ։ Բայց հիմք ընդունելով Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության վարչության տվյալները՝ օդային տրանսպորտով մեկնողների, ինչպես նաև Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որ օդային փոխադրումների 45%-ն իրականացվել է հայաստանյան շարժակազմով, ապա 2009-2012 թթ. «Արմավիայի» չվերթներով Հայաստանից մեկնել է մոտ 1,6 մլն մարդ։
Դ10 հազ. «օդի տուրքի» պայմաններում մոտավոր հաշվարկներով այս ժամանակահատվածում ուղևորափոխադրումներից պետբյուջեն պետք է ստանար Դ16 մլրդ կամ մոտ $40 մլն։ Թե այդ գումարից որքան է «Արմավիան» փոխանցել պետբյուջե, պարզ չէ։
Ընդ որում՝ պետբյուջեին պարտքը, ըստ ամենայնի, չի վճարվի։ Բանն այն է, որ առաջիկայում ավիաընկերությունը դիմելու է դատարան՝ սնանկության մասին դիմումով։ Սնանկ ճանաչվելու դեպքում «Արմավիայում» նշանակվելու է արտաքին կառավարիչ, որին էլ վերապահվելու են ընկերության պարտատերերի հետ խնդիրների կարգավորման լիազորությունները։
Բացի այդ՝ «Արմավիան» լուրջ ակտիվներ չունի, կամ դրանք արդեն իսկ գրավադրված են բանկերում։ Եթե անգամ վաճառվի ընկերության անշարժ և շարժական ամբողջ գույքը, ստացված միջոցները չեն բավարարի մարելու մոտ 6 ամսվա աշխատավարձերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին ավելի քան $5 մլն-ի, ինչպես նաև պետբյուջեի պարտքերը։
Civilnet











