Microsoft-ն աշխատում է նոր պլանշետների ուղղությամբ

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունն առաջարկում է 10,6-դյույմանոց էկրանով Surface պլանշետները, որոնք աշխատում են Windows RT և Windows 8 Pro օպերացիոն համակարգերով: Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, ընկերությունն այժմ մշակում է փոքր չափերի էկրանով նոր մինի համակարգիչներ:
Microsoft-ը հնարավոր է թողարկի 7-դյույմանոց Surface պլանշետ, որը կհանդիսանա Apple iPad Mini-ի մրցակիցը, որն ունի 7,9 –դյումանոց IPS մատրիցայով մուլտիթաչ էկրան:
Վերլուծաբանները նշում են, որ Microsoft-ն ի սկզբանե մտադրություն չուներ թողարկել 7-դյույմանոց պլանշետներ, սակայն այդ չափերի սարքավորումների հանդեպ աճող պահանջարկն ստիպեց ընկերությանը փոխել իր որոշումը:
Wall Street Journal-ը հաղորդում է, որ 2013թ․ վերջին, Microsoft-ը կներկայացնի մի քանի նոր Surface պլանշետ, որոնք կաշխատեն Windows 8 կամ Windows RT օպերացիոն համակարգերով:
2012թ․ աշխարհում իրացվել է տարբեր հարթակներով աշխատող 120-130 մլն պլանշետ: 2013-ին այդ սարքավորումների իրացումը կհասնի 190,9 մլն-ի:
Թեմա
Civilnet










