Գլխավոր Լրահոս

Ցանցային պատրաստվածությամբ Հայաստանը 82-րդն է՝ 144-ից

Ցանցային պատրաստվածությամբ Հայաստանը 82-րդն է՝ 144-ից

Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) հերթական զեկույցում, չնայած արձանագրած առաջընթացին, առանձին ենթացուցիչներով Հայաստանը շարունակում է հետ մնալ ոչ միայն հարևաններից, այլև աֆրիկյան մի շարք երկրներից։

Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) «2013թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույցում» Հայաստանը ցանցային պատրաստվածության աստիճանով դիրքերը բարելավել է 12 կետով՝ 144 երկրների շարքում զբաղեցնելով 82-րդ հորիզոնականը։ Չնայած առաջընթացին՝ Հայաստանը ԱՊՀ-ում առաջ է միայն Տաջիկստանից (112-րդ տեղ) և Ղրղըզստանից (118-րդ), այն դեպքում, երբ հարևան Թուրքիային (զբաղեցրել է 42-րդ տեղը) զիջում է 37 կետով, Ադրբեջանին (56-րդ տեղը)՝ 26 կետով, Վրաստանին (65-րդ տեղը)՝ 17 կետով։

Ցանցային պատրաստվածության համաթիվը ցույց է տալիս երկրների՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գլոբալ զարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը։ Այն հաշվարկվում է՝ հիմք ընդունելով չորս հիմնական բաղադրիչներ՝ միջավայր, պատրաստվածություն, օգտագործում, ազդեցություն։

Նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել համաթվի բոլոր չորս բաղադրիչների գծով։ Ամենաէականը բարելավումն է միջավայրի բաղադրիչում (+20 կետ)։ ԱՊՀ երկրների շրջանում ցանցային պատրաստվածության ցուցանիշով Հայաստանը ամենաբարձր աճ գրանցած եռյակում է, թեև շարունակում է զիջել երկրների մեծ մասին։

Ընդհանուր ցուցիչի դրական տեղաշարժ են արձանագրել գրեթե բոլոր երկրները՝ բացառությամբ Ղրղըզստանի։ Ամենից էականը Վրաստանի առաջընթացն է (+23): Ադրբեջանը նույնպես բարելավել է դիրքերը (+5)։

Աֆրիկյան երկրներից ավելի վատ
ՀՏՖ մասնագետների գնահատականներով՝ Հայաստանի ամենաէական թերություններից պայմանագրերի կիրարկման գործընթացներն են (137-րդ տեղ)։ Այդ ենթացուցիչով Հայաստանը զիջում է այնպիսի երկրներին, ինչպիսիք են աֆրիկյան Մավրիտանիան, Տրինիդատը, Տոբակոն, Սվազիլենդը, Սիերա Լեոնեն։

Տեղական մրցակցության ինտենսիվություն ենթացուցիչով (130-րդ տեղ) Հայաստանը ընդամենը մեկ կետով է առաջ անցել Ադրբեջանից, բայց զիջում է Լեսոտոյին, Մավրիտանիային, Տանզանիային, Սենեգալին, Գամբիային։
Կառավարման դպրոցների որակ ենթացուցիչով (127-րդ հորիզանական) Հայաստանը մեկ կետով է առաջ Չադից, բայց զիջում է Սիերա Լեոնեին, Վիետնամին, Մալիին, Ադրբեջանին։

Դատաիրավական համակարգի անկախությամբ Հայաստանը 144 երկրների թվում զբաղեցրել է 110-րդ տեղը՝ զիջելով Լեսոտոյին, Սվազիլենդին, Զամբիային, Ադրբեջանին, Նիգերիային, Տանզանիային։

Դատաիրավական բնագավառին, ինչպես նաև մրցակցությանը վերաբերող ենթացուցիչներով Հայաստանի հետնապահի դիրքերը խոսում են այն մասին, որ վերջին տարիներին կառավարության կողմից այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումները ձևական բնույթ են կրել։

Զեկույցի հեղինակները հաշվարկել են, որ էլ. մասնակցության ցուցիչով 144 երկրների շարքում Հայաստանը 124-րդն է, հեռախոսային կապի և համացանցի ոլորտում մրցակցության առումով՝ 115-րդը։

Պատկերն առաջին հայացքից անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում եզակիներից է, որտեղ առկա է թեժ մրցակցություն։

Խնդիրն իրականում մեթոդոլոգիան է։ Զեկույցի հեղինակները, գնահատելով հեռահաղորդակցության ոլորտի մրցակցությունը, պարզապես գնահատել են տեղական ֆիքսված, տեղական միջքաղաքային ֆիքսված և միջազգային ֆիքսված հեռախոսակապի ոլորտում ծառայություն մատուցող ընկերությունների քանակը։

Ի դեպ՝ ապրիլի 11-ի կառավարության նիստին վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով «2013թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույցին», տրանսպորտի և կապի նախարարությանն առաջարկեց ներկայացնել միջոցառումների ծրագիր՝ ուղղված երկրի դիրքերը բարելավելուն։

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ շատ խնդիրներ պահանջելու են, որ կառավարության գերատեսչությունները ջանքեր գործադրեն։ Եթե տրանսպորտի և կապի նախարարության լիազորությունների ներքո գտնվող միջոցառումները դիտարկենք, ապա այստեղ մեր դիրքերն ավելի ամուր են, քան, օրինակ, դատաիրավական համակարգի անկախության ցուցիչը, պայմանագրերի կիրառման գործընթացների քանակը»,– ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, թե հենց այս ցուցանիշները պետք է բարելավվեն, որպեսզի առաջընթաց արձանագրենք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում