Գլխավոր Լրահոս

ԱՊՊԱ. վնասաբերության մակարդակը շարունակում է աճել

ԱՊՊԱ. վնասաբերության մակարդակը շարունակում է աճել

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

Ապահովագրական ընկերությունների վնասաբերությունը ԱՊՊԱ-ի գծով ոչ միայն հատել է թույլատրելի շեմը, այլև շարունակում է ավելանալ։ ԱՊՊԱ սակագների հիմքում դրված վնասաբերության մակարդակը 78% է, այն դեպքում, երբ հունվարին այն կազմել է 82%, փետրվարին՝ 88%։

Փետրվարի վերջի դրությամբ ապահովագրական ընկերություններում առկա էր 365,72 հազ. ԱՊՊԱ պայմանագիր։ Միայն փետրվարի ընթացքում պայմանագրերի թիվն ավելացել է 5,8 հազ-ով։ Նույն ժամանակահատվածում ապահովագրավճարների ծավալն ավելացել է Դ1 մլրդ-ով՝ փետրվարի վերջին կազմելով Դ6,57 մլրդ։ Ընդ որում՝ կնքված մեկ ԱՊՊԱ պայմանագրի միջին սակագինը կազմել է Դ17,2 հազ.։ Հաշվի առնելով, որ նվազագույն սակագինը կազմում է Դ25 հազ. (ավտոմեքենայի շարժիչի հզորությունը՝ մինչև 80 ձիաուժ, սեփականատիրոջ տարիքը՝ 23-ից ավելի, վարորդական ստաժը՝ 3 տարուց ավելի), փետրվարին ապահովագրական ընկերությունների պորտֆելը շարունակել է համալրվել կարճաժամկետ պայմանագրերով։

Որ ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ պորտֆելներում այս տարի զգալի մասնաբաժին են կազմում կարճաժամկետ պայմանագրերը, երևում է միջին սակագնից։ Այսպես. եթե անցած տարվա փետրվարի վերջի դրությամբ մեկ պայմանագրի միջին սակագինը կազմել է Դ23,5 հազ., ապա այս տարի՝ Դ18 հազ.։ Մյուս կողմից՝ անցած տարվա համեմատ պայմանագրերի թիվն աճել է 2%-ով, իսկ ապահովագրավճարների ծավալը կրճատվել 15%-ով։

Ապահովագրական ընկերություններն այս տարվա երկու ամիսներին բավարարել են 9,382 հազ. դիմում՝ հատուցելով Դ1,85 մլրդ։ Միայն փետրվարին բավարարվել է 5,397 հազ. դիմում և հատուցվել Դ1,1 մլրդ։ Համեմատության համար՝ անցած տարվա երկու ամիսներին բավարարվել է 6,439 հազ. դիմում և վճարվել Դ1,36 մլրդ։

Ստացվում է, որ փետրվարին ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերություններն ավելի շատ միջոցներ են ուղղել հատուցմանը, քան հավաքագրել են։ Եվ եթե հունվարին ոլորտում վնասաբերությունը 82% էր, ապա փետրվարին այն կազմել է 88%, այն դեպքում երբ սակագնի հիմքում դրված է 78% վնասաբերություն։ Փաստացի՝ արդեն երկու ամիս համակարգը գործում վնասով, ավելին՝ միտումները ևս լավատեսական չեն։

Փետրվարին, հատուցումների դիմումների ավելացման պայմաններում, ապահովագրական ընկերությունները չեն կարողացել մեղմել վնասաբերության աճը։ Այսպես, եթե հունվարին հատուցման միջին գումարը կազմել է Դ191 հազ., ապա փետրվարին այն հասել է Դ208 հազ-ի։ Իհարկե, անցած տարվա երկու ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում հատուցմանն ուղղված միջին գումարը նվազել է Դ14 հազ-ով կամ մոտ 7%-ով՝ կազմելով Դ197 հազ., սակայն սա ընկերություններին չի ապահովագրել էլ ավելի մեծ կորուստներից։

Փնտրվում է մեղավոր

Պատկան մարմինների անտարբերությունը ապահովագրական ընկերություններին ստիպելու է առաջիկայում գնալ կտրուկ քայլերի՝ վնասաբերության աճը հնարավորինս զսպելու համար։ Ինչպես վկայում է վիճակագրությունը, ապահովագրական ընկերությունները ավելի ու ավելի պահպանողական են դառնում հատուցումների հարցում, ինչը կարող է դժգոհությունների տեղիք տալ։

Բանն այն է, որ օրենսդրորեն այսօր սահմանված է՝ եթե ճանապարհային պատահարի հետևանքով վնասի չափը չի գերազանցում Դ200 հազ-ը և կողմերը գալիս են համաձայնության, ապա խնդիրը լուծվում է առանց ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերության ներկայացուցչի (նրանք սովորաբար ներկա են գտնվում)։

Ճանապարհային ոստիկանությունը եթե նույնիսկ ժամանում է դեպքի վայր, չի տուգանում ճանապարհային պատահարի մեղավոր կողմին, ինչը անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ պատահարը կարող է տեղի ունենալ միայն երթևեկության կանոնները խախտելու դեպքում։

Ճանապարհային ոստիկանության «անտարբերությունն» ու ապահովագրական ընկերությունների կողմից վնասի հատուցումը բերում է նրան, որ վարորդները չեն էլ փորձում պահպանել երթևեկության կանոնները, քանի որ պատահարի դեպքում միևնույն է՝ չեն տուգանվում և հավելյալ նյութական վնաս չեն կրում։ Բայց եթե անձնական ավտոմեքենայի դեպքում վարորդը մտածում է գոնե իր սեփականության մասին, ապա տաքսիների և երթուղային տրանսպորտային միջոցների պարագայում անձնական գույքը պաշտպանելու մոտիվը չի գործում։ Դրա մասին թեև վկայում այն, որ տաքսիների վնասաբերությունը հասնում է մինչև 250%-ի։

ԱՊՊԱ ոլորտի վնասաբերության մակարդակը հնարավոր է լուծել սակագների բարձրացման ճանապարհով, սակայն դա կունենա կարճաժամկետ էֆեկտ, քանի որ համակարգային խնդիրները չլուծված են մնալու։ Խնդիրն ունի ավելի հեշտ ճանապարհ, պարզապես ճանապարհային ոստիկանությանը պետք է տուգանի ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր կողմին, բացի այդ՝ տրանսպորտի և կապի նախարարությունը, ինչպես նաև քաղաքապետարանները ավելի հետևողական լինեն հասարակական տրանսպորտի և տաքսիների գործունեության վերահսկողության իրենց գործառույթներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում