Կենտրոնական բանկը հարցումների արդյունքում արձանագրել է սպառողների վստահության նվազում. բավական ցածր են գնահատվել նաև այս տարվա առաջին եռամսյակի ընթացիկ պայմանները, նվազման միջակայքում է սպառողական վստահության ցուցանիշը։
Կենտրոնական բանկը 2006-ից հրապարակվող Սպառողների վստահության ինդեքսից (ՍՎԻ) այս տարի անցում է կատարել Սպառողական վստահության ցուցանիշի (ՍՎՑ)։ Վերջինս 2013թ. առաջին եռամսյակում կազմել է 44 կետ, ինչը նախորդ եռամսյակի ցուցանիշը զիջում է 1,6 կետով, 2012թ. նույն ժամանակահատվածինը՝ 3,3 կետով։
Ըստ մեթոդաբանության՝ դիֆուզիոն ինդեքսները (ցուցանիշը) տատանվում են 0-100 միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը՝ աճ, 50 արժեքը՝ կայուն վիճակ։ Որպես կայուն մակարդակ ընդունվում է հաշվեկշռի տատանումը 45-55 միջակայքում։
Ստացվում է, որ սպառողական վստահությունն (44 կետ) այս տարվա առաջին եռամսյակում գտնվել է նվազման տիրույթում։
Ընթացիկ պայմանների ցուցանիշը (35,4) նախորդ եռամսյակի նույն ցուցանիշին զիջել է շուրջ 4 կետով՝ պայմանավորված ֆինանսական վիճակի փոփոխության փաստացի վիճակի և ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ցուցանիշների անկումներով։
Ուշագրավ է, որ հարցվածների գնահատականներով ընթացիկ պայմաններն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավելի վատն են, քան 2012թ. նույն ժամանակահատվածում (ընթացիկ պայմանների ցուցանիշը կազմել է 42,8)։ Սա այն դեպքում, երբ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2012թ. արձանագրվել է 7,2% տնտեսական աճ։
Ընթացիկ պայմանների ցուցանիշն ըստ էության դիֆուզիոն ինդեքս է, որը հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն։ Ապագա սպասումների ցուցանիշը ևս իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն։
Եթե հարցվածների ներկա պայմանների գնահատականներն այդքան էլ դրական չեն, ապա ապագայի նկատմամբ առկա են որոշակի դրական սպասումներ։ Ապագա սպասումների ցուցանիշը նախորդ եռամսյակի նկատմամբ 2013թ. առաջին եռամսյակում աճել է 1 կետով՝ կազմելով 52,6: Ընդ որում՝ այս ցուցանիշի դրական տեղաշարժին նպաստել են ինչպես ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշի շուրջ 3 կետով, այնպես էլ տնային տնտեսության զբաղվածության փոփոխության սպասումների ցուցանիշի շուրջ 2 կետով բարելավումները։

Civilnet










