Հայաստանը Եվրամիության հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ քննարկումներում խնդիրների է առերեսվել։ Բանակցություններում եվրոպական կողմը առաջ է քաշել «կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջ։ Հայկական կողմը չգիտի՝ ինչով փոխարինի այն։
Ապրիլի 16-ին Երևանում մեկնարկել է ՀՀ-ԵՄ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, որը գլխավորում է հայկական կողմի բանակցային թիմը, նշել է, որ համաձայնագիրը ենթադրում է յուրաքանչյուր կողմում գրանցված աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչում։ Խոսքը, մասնավորապես, «կոնյակ» կամ «շամպայն» բառերի օգտագործման մասին է։ «Կոնյակի» շուրջ մինչ այս էլ են ծավալուն քննարկումներ եղել, հարցը ներկայում էլ է օրակարգում։ «Հուսով ենք եվրոպական կողմի հետ գտնել այնպիսի լուծում, որը կբխի միջազգային ընդունված նորմերից և օրենսդրությունից և չի վնասի տեղական արտադրողին։ Անակնկալ ու կտրուկ որոշումներ չեն լինի»,– նշել է Մելքոնյանը։
Ըստ նրա՝ «կոնյակ» բառը պաշտպանված է եվրոպական օրենսդրությամբ, գրանցված է որպես աշխարհագրական նշում։ Հայկական կողմը եվրոպական գործընկերներին ներկայացրել է, որ կոնյակը Հայաստանում ընկալվում է որպես ապրանքատեսակ։ Այս հարցով քննարկումները դեռ չեն ավարտվել։
Եվրոպական պատվիրակության ղեկավար, գլխավոր բանակցող, Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դևինյեն գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ բանակցությունների ընթացքից և հույս հայտնել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի Արևելյան գործընկերության երկրների այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում։
Ըստ Մելքոնյանի՝ օրակարգում է նաև մաքսային գանձումների փոխադարձ վերացման խնդիրը. փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի և ԵՄ 27 երկրների միջև կգործեն զրոյական մաքսատուրքեր։ Այդ ճանապարհին դժվարություններից խուսափելու համար Հայաստանն արդեն սկսել է աշխատել գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Թե ինչ հայտարարի կգան հայ և եվրոպացի պաշտոնյաները «հայկական կոնյակի» շուրջ, դեռ պարզ չէ։ Ամեն դեպքում, Արևելյան գործընկերության մյուս երկրների փորձը լավատեսություն չի ներշնչում։
ԵՄ-ն Մոլդովայի հետ անցած տարի հունիսին ստորագրել է գյուղատնտեսական և սննդամթերքի աշխարհագրական անվանման (նմուշի) պաշտպանության մասին համաձայնագիր, որով Քիշնևին տրվել է հինգ տարի անցումային ժամանակ՝ տեղական արտադրությունը ԵՄ-ի պահանջներին համապատասխանեցնելու համար։ Պարզ ասած՝ Մոլդովայի արտադրողները պետք է հրաժարվեն «կոնյակ», «շամպայն» անվանումների օգտագործումից։ ԵՄ-ն Ուկրաինային նույն նպատակի համար պատրաստ է տրամադրել 5-10 տարի ժամանակ։
Ըստ էության, Հայաստանին ևս լավագույն դեպքում տասը տարի է առաջարկվելու։ Այդ ընթացքում տեղական արտադրողները ստիպված են լինելու հրաժարվել «հայկական կոնյակ» բրենդից։ Ինչ անվանումով է այն փոխարինվելու՝ դեռ հայտնի չէ։
Եթե Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում «կոնյակ» բառից հրաժարումը ծանր տնտեսական հետևանքներ չի ունենա, հայաստանյան արտադրողների համար վնասները կարող են շատ ավելի շոշափելի լինել։
Մոլդովայում անցած տարի արտադրվել էր 3 մլն լ կոնյակ, այն դեպքում, երբ Հայաստանում կոնյակի արտադրությունը կազմել է 18,5 մլն։ Ընդ որում՝ ծավալի 90%-ն արտահանվում է, ինչը գումարային արտահայտությամբ կազմում է շուրջ $100 մլն կամ Հայաստանի արտահանման մոտ 8%-ը։
«Հայկական կոնյակ» բրենդը բավական լայն ճանաչում ունի ԱՊՀ երկրներում (արտահանման 80%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին), իսկ տասը տարին մեծ ժամանակահատված չէ՝ արտաքին շուկաներում նոր անվանման առաջմղման համար։
Որ հայ արտադրողները վաղ թե ուշ հրաժարվելու են «հայկական կոնյակ» բրենդից, պարզ էր դեռ 2005թ., երբ ԵՄ-ն որոշեց լրջորեն պաշտպանել աշխարհագրական անվանումների հեղինակային իրավունքը և «կոնյակի» նկատմամբ իրավունքները վերապահեց Ֆրանսիային։ Հաջորդած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը և կոնյակագործները այդպես էլ էական քայլեր չձեռնարկեցին «հայկական կոնյակին» զուգահեռ նոր ապրանքանիշ առաջ մղելու համար։

Civilnet










