Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» հոլդինգը չի ծրագրում վաճառել Հայաստանում և Վրաստանում իր էներգետիկ ակտիվները: Այդ մասին լրագրողներին, ըստ «ՌԻԱ նովոստիի», հայտնել է ընկերության վարչության անդամ Իլնար Միրսիյապովը։
«Հայաստանի և Վրաստանի վերաբերյալ նման ծրագրեր չկան: Իհարկե, Հայաստանում մեր ակտիվը՝ ցանցերը («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ - խմբ.), ամենալավ ժամանակները չի ապրում»,– ասել է Միրսիյապովը՝ նկատելով, որ ՀԷՑ-ը լուրջ վարկային բեռի տակ է, և ընկերության ընդհանուր պարտքը հասնում է $200 մլն-ի։
Ըստ Միրսիյապովի՝ Հայաստանում կուտակված խնդիրների համար մշակվել է ծախքերի կրճատման կոշտ ծրագիր, հայաստանյան իշխանությունների հետ համատեղ ստեղծվելու է էլեկտրացանցային համալիրի երկարաժամկետ մոդել։ Նրա խոսքով՝ «Ինտեր ՌԱՕ ԷԵՍ»-ը ներկայում գործընկեր է փնտրում, որն ամենայն հավանականությամբ բանկ կլինի՝ ՀԷՑ-ի վարկային խնդիրները լուծելու համար։
ՀԷՑ-ը Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր ունի. բաշխումն իրականացվում է ՀԾԿՀ-ի կողմից հաստատագրված սակագներով։ Ընկերությունը սպասարկում է մոտ 935 հազ. սպառողի:
«Ինտեր ՌԱՕ ԷԵՍ»-ը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը $37 մլն-ով օֆշորային Midland Resourses Holding-ից ձեռք է բերել 2006թ.։

Civilnet










