ՏՏ ոլորտի աջակցությանը կառավարությունը կուղղի հերթական Դ80 մլն-ը

Հայաստանում գերակա հռչակված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը գործադիրը չորս տարի շարունակ պատկերացնում է համաժողովներ, «քաղաքից դուրս» անփողկապ հանդիպումներ և ցուցահանդեսներ կազմակերպելու ճանապարհով ու Դ80 մլն-ի շրջանակում։
Կառավարությունը դեռ 2000թ. հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակեց գերակա. ոլորտի աջակցությունն այսօր էլ սահմանափակվում է յուրաքանչյուր տարի պետբյուջեից միջոցներ հատկացնելով և զարգացման հերթական տարեկան ծրագիրը հաստատելով։ Արդեն չորրորդ տարին ՏՏ ոլորտին պետբյուջեից հատկացվում է Դ80 մլն, որի մի մասն ուղղվում է համաժողովների, ֆորումների և ցուցահանդեսների կազմակերպմանը։
Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության ապրիլի 18-ի նիստի հաստատմանն է ներկայացրել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Փաստաթղթում ներկայացված են ոչ միայն այս տարի ոլորտում իրականացվելիք միջոցառումները, այլև 2012թ. արդյունքները։ Նախագիծն ինչ-որ առումով նախորդ տարի կատարված աշխատանքների հաշվետվություն է, որը պետք է ներկայացնի պետբյուջեից ծախսված Դ80 մլն-ի արդյունավետությունը։
Համաձայն փաստաթղթի՝ 2012թ. ՏՏ ոլորտում գործել է 350 ընկերություն, ներգրավված մասնագետների թիվը կազմել է մոտ 7,8 հազ., ոլորտի տարեկան շրջանառությունը հասել $250 մլն-ի (1998-ից ի վեր ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 25% աճ)։ Թե անցած տարի ոլորտի շրջանառության 22% աճի ապահովման գործում որքան է կազմել պետբյուջեից ոլորտ ուղղված Դ80 մլն-ի մասնաբաժինը, պարզ չէ։
Փոխարենը մանրամասն նշված է, թե որքան կազմակերպություն կամ այցելու է մասնակցել կազմակերպված ցուցահանդեսներին, համաժողովներին։ Օրինակ՝ «ԴիջիԹեք-2012» ցուցահանդեսին մասնակցել է շուրջ 120 տեղական և օտարերկրյա ընկերություն, այցելուների թիվը կազմել է 24 հազ., կամ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված «ԴիջիԹեք բիզնես ֆորում» միջոցառմանը գրանցված մասնակից կազմակերպությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 48%-ով։
Անցած տարի պետական միջոցներն օժանդակել են նաև, որ ՏՏ ոլորտի լիդերները, պետական գերատեսչության ներկայացուցիչները հանդիպեն մայրաքաղաքի «թոհուբոհից» հեռու՝ Աղվերանում, Դիլիջանում, Հանքավանում, Ստեփանակերտում, և անցկացնեն քննարկումներ։
Այս տարի ոլորտում պետբյուջեի հաշվին իրականացվող միջոցառումներն էապես չեն տարբերվի անցած տարիներից։ Պետբյուջեից ոլորտի աջակցմանը կրկին նախատեսվում է հատկացնել Դ80 մլն։ Միջոցներից 56%-ը կամ Դ45 մլն-ն ուղղվելու է ցուցահանդեսների, բիզնես ֆորումների, Հայաստանի հանգստավայրերում քննարկումների կազմակերպմանը։
Այս տարի ՏՀՏ լիդերների առանց փողկապների արտագնա 4 հանդիպում-քննարկումների կազմակերպմանն ուղղվելու է Դ2 մլն, «ԴիջիԹեք-2013» ցուցահանդեսին՝ Դ10 մլն։
Բացի այդ՝ Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառման կազմակերպմանը և իրականացմանը կհատկացվի Դ17,2 մլն։ Թե այդ միջոցներից որքան է ուղղվելու կազմակերպչական խնդիրներին, և որքան՝ դրամաշնորհներին, հայտնի չէ։ Հայտնի է, որ ինչպես 2012թ., այս տարի ևս դրամաշնորհ կտրվի ընդամենը հինգ նախագծի։ Սա այն դեպքում, երբ անցած տարի ներկայացվել է 50 հայտ, և պարզ չէ, թե ինչու չի ավելացվում բավարարվող հայտերի թիվը։
Ուշագրավ է, որ ՏՏ ոլորտի հետազոտության, ձեռնարկությունների վերաբերյալ ուղեցույցի և ներկա իրավիճակի վերլուծության թարմացումը պետբյուջեին կարժենա Դ5,8 մլն։
ՏՏ ոլորտին պետբյուջեից հատկացվող 80 մլն-ից «Միջազգային համագործակցություն» միջոցառումների իրականացմանն ուղղվելու է Դ35 մլն։ Դ20 մլն կուղղվի հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի գործունեության ապահովմանը, Դ10 մլն՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի գործունեության ապահովմանը, ևս Դ5 մլն՝ «Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ ինսթրումենթս», «Նոկիա» և այլ ընկերությունների հետ կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացմանը։
Ի դեպ, ծրագրի նախագծում այդպես էլ չի նշվում, թե պետական միջոցները որքանով կխթանեն աճը ոլորտում, կամ քանի նոր ընկերություն մուտք կգործի հայկական շուկա, կամ հարկատուի յուրաքանչյուր Դ1-ը որքան ներդրում կապահովի ապագայում և այլն։
Civilnet










