Ցեղասպանության զոհերի անունների էլէկտրոնային շտեմարան կստեղծվի

Հայաստանի ազգային արխիվը ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության զոհերի անունների էլէկտրոնային շտեմարանի ստեղծմանը: Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Այս նախաձեռնությունը մի փոքր ուշացած է, քանի որ այն սերնդի մարդիկ, որոնք կարող էին ինֆորմացիա տալ, արդեն չկան: Իսկ ահա նրանց ժառանգները փոքր են եղել այդ ժամանակ: Այնուամենայնիվ, մենք փորձելու ենք եղած գրականության, թերթերի, հուշերի, առկա ցուցակների միջոցով ամբողջացնել տվյալները»,- ասել է Վիրաբյանը:
Նրա խոսքով` նախատեսվում է մինչև 2015թ. շտեմարանում տեղադրել Ցեղասպանության շուրջ 200 հազ. զոհի անուն: Շտեմարանում հնարավոր կլինի գտնել ոչ միայն զոհված անձի անունը, այլև նրա ծննդյան թիվը և բնակավայրը:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ արխիվը կհրապարակի նաև «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. Վերապրածների վկայությունները» ժողովածուի 4-րդ և 5-րդ հատորները: Վիրաբյանի խոսքով` մինչև 2015թ. գրքերը թարգմանված կլինեն անգլերեն և թուրքերեն:
Արխիվի տնօրենը տեղեկացրել է նաև, որ փաստաթղթերի հրապարակումից բացի` աշխատանքներ են տարվում Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին տեսագրելու ուղղությամբ:
Civilnet










