Կենտրոնական բանկը հրապարակել է գործարար ակտիվության և գործարար միջավայրի հերթական ցուցանիշները։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսավարողները Հայաստանում գործարար միջավայրի բարելավում են արձանագրել, թեև նվազել է նրանց տնտեսական ակտիվությունը։ Բիզնեսի համար մեկ տարուց ավելի ընդլայնման հիմնական խոչընդոտը կրճատվող պահանջարկն է։
Մինչ այս հաշվարկվող Տնտեսական ակտիվության ինդեքսը ԿԲ-ն վերանվանել է Գործարար ակտիվության ցուցանիշ։ Բացի անվանափոխությունից՝ կարգավորիչն իրականացրել է նախորդ տվյալների «ճշգրտում»՝ պայմանավորված մեթոդաբանության փոփոխությամբ։
Ընթացիկ տարվա մարտին ԿԲ-ն հարցում է իրականացրել Հայաստանում գործող 1327 կազմակերպությունների շրջանում, որի արդյունքում առաջին եռամսյակում գործարար ակտիվության ցուցանիշը (ԳԱՑ) կազմել է 59,8 կետ, ինչը 0,8-տոկոսային կետով ցածր է նախորդ եռամսյակում գրանցված ցուցանիշից (60,6)։
Փոփոխությունը վկայում է տնտեսական ակտիվության տեմպի դանդաղման մասին, թեև լավատեսական տրամադրվածություն առկա է տնտեսության բոլոր ճյուղերում։
Այսպես՝ ակտիվության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 62,6 կետ, որը նախորդ եռամսյակի (56,9) համեմատ ավելի է 5,7-տոկոսային կետով։
Շինարարության ոլորտում գործարար ակտիվության ցուցանիշը կազմել է 57,6 կետ. նախորդ եռամսյակի (58) համեմատ նվազումը կազմել է 0,4-տոկոսային կետ։ Մյուս ոլորտներում ևս, չնայած ակտիվության նկատմամբ լավատեսական տրամադրությունների առկայությանը, արձանագրվել է նվազման միտում։
Ուշագրավ է, որ տնտեսական ակտիվության տեմպի դանդաղումը տեղի է ունենում գործարար միջավայրի բարելավման պայմաններում։ Այսպես, ըստ ԿԲ-ի՝ Գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2013թ. առաջին եռամսյակում կազմել է 55,4 կետ, ինչը 5,7-տոկոսային կետով բարձր է նախորդ եռամսյակում գրանցված ցուցանիշից (49,7)՝ պայմանավորված բոլոր ոլորտների լավատեսական գնահատականներով։ Սա խոսում է բիզնես շրջանակներում գործարար միջավայրի վերաբերյալ լավատեսական տրամադրությունների մասին։
Գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ծառայությունների ոլորտում (63,3), այն 9,9-տոկոսային կետով բարձր է նախորդ եռամսյակի ցուցանիշից (53,4)։ Մեկ ուշագրավ հանգամանք ևս. բարենպաստ գործարար միջավայրի պայմաններում ծառայության ոլորտի կազմակերպությունների 35%-ը կրճատել է աշխատակազմը։
Նվազման պատճառը
Գործարար ակտիվության նվազումը առաջին հերթին պայմանավորված է կրճատվող պահանջարկով։ Տնտեսավարողները հինգերորդ եռամսյակն անընդմեջ գործունեության ընդլայնման հիմնական խոչընդոտ նշում են ներքին պահանջարկի նվազումը։ Ընդ որում՝ սա առավել ցայտուն է դրսևորվում փոքր և միջին բիզնեսում։
Պահանջարկի շարունակական կրճատումը մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ նույն տնտեսավարողները հարցումների ընթացքում նշել են աշխատավարձերի բարձրացման ու աշխատատեղերի ստեղծման մասին։
Այսպես, օրինակ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աշխատավարձերը բարձրացել են առևտրի ոլորտի կազմակերպությունների 36%-ում, արդյունաբերության և ծառայությունների ոլորտի կազմակերպությունների 25%-ում, շինոլորտի կազմակերպությունների 7,5%-ում։ Մյուս կողմից՝ եթե առաջին եռամսյակում աշխատողների թվաքանակի աճ արձանագրվել է առավելապես արդյունաբերության և առևտրի ոլորտի կազմակերպություններում (28%), ապա ծառայությունների ոլորտի կազմակերպությունների 35%-ում և շինոլորտի կազմակերպությունների 54%-ում տեղի է ունեցել աշխատողների թվաքանակի նվազում։
Ստացվում է, որ տնտեսության երկու ճյուղերում աշխատակիցների թվաքանակի կրճատումը պահանջարկի վրա ավելի մեծ ազդեցություն է թողել, քան մյուս ոլորտներում աշխատավարձերի բարձրացման ու նոր աշխատատեղերի ստեղծման գործոնները։
ԿԲ հրապարակման մեջ բավական ուշագրավ մեկ փաստ էլ կա։ Եթե շինարարության և ծառայությունների ոլորտում որպես երկրորդ հիմնական խոչընդոտ 2012-ից ի վեր նշվում էր ներքին մրցակցությունը, ապա այս տարվա առաջին եռամսյակում այն խոչընդոտ է նաև արդյունաբերության և առևտրի ոլորտի տնտեսավարողների համար։
Արդյունաբերական կազմակերպությունների կողմից որպես երկրորդ հիմնական խոչընդոտ ներքին մրցակցությունը նշելը (մինչ այս նշվում էր դրամի փոխարժեքը) պետք է դիտարկել նվազող պահանջարկի համատեքստում։ Մրցակցության խնդիրը կազմակերպությունները կարող են լուծել ներդրումների ճանապարհով՝ բարձրացնելով արդյունավետությունը։ Սակայն կրճատվող պահանջարկի պայմաններում անխուսափելիորեն առաջանալու է ներդրումների վերադարձելիության հարցը։ Եթե հաշվի առնենք, որ ներդրումների ֆինանսավորման հիմնական աղբյուր տնտեսավարողների 56%-ը նշել է տեղական բանկերից ու վարկային կազմակերպություններից փոխառությունները, ապա խնդիրը շատ ավելի է բարդանում։
Թեև 2012թ. վերջին եռամսյակում կազմակերպությունների 25%-ը նշել էր, որ 2013թ. առաջին եռամսյակում պատրաստ է ներդրումներ անել, իրականում այդպես են վարվել 18,8%-ը։ Համեմատության համար՝ 2012թ. չորրորդ եռամսյակում ներդրումներ էին կատարել կազմակերպությունների 22,1%-ը։ Գալիք եռամսյակում ներդրումներ կատարելու պատրաստակամություն է հայտնել հարցված կազմակերպությունների 27,9%-ը։ Ընդ որում՝ ներդրումներ նախատեսվում են արդյունաբերության, շինարարության և առևտրի ոլորտում՝ կազմակերպությունների ավելի քան 29%-ը, ծառայությունների ոլորտում՝ 20%-ը։
Civilnet











