Twitter-ը թողարկել է սեփական` #music երաժշտական ծառայությունը

Twitter միկրոբլոգների ցանցը թողարկել է #music երաժշտական ծառայությունը, որն օգտատիրոջն առաջարկում է երաժշտություն` Twitter-ում նրա ցուցաբերած ակտիվության` հաղորդագրությունների ու բաժանորդագրությունների հիման վրա, հաղորդում է Mashable-ը:
#music-ը, որ դեռ հասանելի է միայն վեբ տարբերակով և iOS ձևաչափով, երաժշտական ստեղծագործություններ է ներկայացնում երեք աղյուրից` iTunes, Spotify և Rdio: Ըստ լռելյայն` ծառայության օգտատերը հնարավորություն ունի լսել կատարումների հատվածներ iTunes-ից, մինչդեռ Rdio-ի և Spotify-ի օգտատերերը հնարավորություն ունեն ինտեգրել Twitter #music-ն իրենց օգտահաշիվներին` տվյալ կայքերում առկա կատարումների ամբողջական տարբերակները լսելու համար:
Twitter #music-ում ներկայացված է հինգ բաժին: Popular` Twitter օգտատերերի շրջանակում հանրահայտ կատարումներ, Emerging` նոր, սակայն ակտիվ աճ գրանցող կատարումներ և երաժիշտներ, Suggested` առաջարկվող կատարումներ, որոնք տրամադրվում են Twitter-ի կողմից` օգտատիրոջ ակտիվությամբ պայմանավորված, #NowPlaying` համանման հեշթեգերի միջոցով հրապարակված կատարումներ և Me` օգտատիրոջ բաժանորդագրության արդյունքում հավաքագրված կատարողների և կատարումների ցանկ:
Twitter #music-ն արդեն հասանելի է Apple App Store օնլայն խանութում անվճար տարբերակով: Գոյություն ունի նաև ծառայության վեբ տարբերակը: Առայժմ ծառայությունը հասանելի է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում, Իռլանդիայում և Ավստրալիայում: Ծրագրային մշակման մասնագետները խոստանում են, որ ապագայում այն հասանելի կլինի ինչպես այլ երկրներում, այնպես էլ Android օպերացիոն համակարգի համար:
Թեմա
Civilnet










