Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, տեղեկացնում է կառավարության տեղեկավտության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Օրակարգի և նախորդ նիստի արձանագրության քննարկումից և հաստատումից հետո վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում և 2012թ. արձանագրված տնտեսական արդյունքները:
Կառավարության ղեկավարը նշել է, որ 2013թ. առաջին երեք ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշները բավական բարձր են, մասնավորապես` տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 8,7 իսկ ՀՆԱ-ն՝ 11,7%: Արդյունաբերության բնագավառում արձանագրված աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15,8%, գյուղատնտեսության բնագավառում՝ 2,3, ծառայությունների ոլորտում՝ մոտ 7%:
«Պետք է արձանագրել, որ բացասական սալդոյի պարագայում արտահանման տեմպերը մոտ երեք անգամ շարունակում են ավելի բարձր լինել ներմուծման տեմպերից: Սա հիմնականում պայմանավորված է արտահանմանն ուղղված արդյունաբերական նոր ռազմավարությամբ: Տեսնում ենք, որ այս քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքները և մենք այն շարունակելու ենք: Կառավարությունն արդեն իսկ նման 20 ծրագիր է հաստատել:
2013թ. պետական բյուջեն հաշվարկել ենք 6,2%-ի տնտեսական աճի ցուցանիշով, իսկ առաջին եռամսյակում շոշափելիորեն՝ 7 մլրդ դրամով գերակատարել ենք հարկային մուտքերը, քան ծրագրված էր»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ 2012թ. կառավարությունն ավարտել է 7,2% տնտեսական աճով: Վարչապետի խոսքով՝ կարևոր է հատկապես տնտեսական աճի կառուցվածքը և այն հանգամանքը, որ արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտները, որոնք ՀՆԱ-ի մեջ ունեն ամենամեծ տեսակարար կշիռը, ապահովել են բարձր աճի տեմպեր: Մասնավորապես` գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարի արձանագրվել է 9,3, իսկ արդյունաբերության բնագավառում՝ 14,5%-ի տնտեսական աճ: 48%-ի աճ է ապահովվել ջրամատակարարման, վերամշակման և թափոնների կառավարման ոլորտում: Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառում արձանագրվել է 6, փոխադրումների ոլորտում՝ 14, ֆինանսական և ապահովագրական գործունեության բնագավառում՝ 23%-ի տնտեսական աճ:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012թ. շինարարության ոլորտը դուրս է եկել զրոյական մակարդակի վրա: Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ սկսած 2009-ից` տնտեսության մեջ հիմնական անկումը՝ 43 %, արձանագրվել է հենց շինարարության ոլորտում: «Հետագա տարիների ընթացքում էլ շինարարությունը տնտեսության հիմնական զսպող ուժն էր: Վերջապես, 2012թ. հասել ենք զրոյական մակարդակի: Ակնկալում ենք, որ 2013թ. շինարարությունը կսկսի վերականգնվել և ապահովել տնտեսական աճ»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով`նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները բավական բարվոք են. բյուջետային դեֆիցիտը չի գերազանցել 3%-ը, ինֆլյացիան գտնվել է ծրագրավորված ցուցանիշի՝ 4%-ի շրջանակում, իսկ արտաքին պարտքը կազմել է 37%, որը նույնպես արտաքին պարտքի թույլատրելի շեմի շրջանակներում է:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է բիզնես միջավայրի բարելավման գործընթացը և հիշեցրել, որ Համաշխարհային բանկի Doing Business 2013 զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով և աշխարհի 185 երկրների շարքում զբաղեցնում է 32-րդ տեղը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բիզնես միջավայրի բարելավման աշխատանքները լինելու են շարունակական:
Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև սոցիալական, առողջապահական, տեսչական և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին ու ծրագրերին:
Խորհուրդը քննարկել և հաստատել է 2012թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական եզրակացությունը, անդրադարձել ՀԱՄՀ ապագա ծրագրերին:
Civilnet











