Տարոնը պիտի ձեզ խնդրի, ոչ թե դուք՝ իրեն

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:
Ավագանու քարոզարշավի ժամանակ Արաբկիրի բնակչուհիները քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց խնդիրները ձևակերպում են այսպես. «Մենք ձեզ խորապես հարգում ենք ու խնդրում ենք լուծել էս շենքի խնդիրները»։ Անմիջապես հարց է ծագում՝ ինչու՞ եք մարդուն խորապես հարգում խնդրողի դիրքերից, ձեզ բավարար չէ՞, որ դուք եք նրան լիազորել լինել Երևանի քաղաքապետ։ Եթե դուք նրա վրա իշխանություն չունեք, չի նշանակում, թե նրա ստրուկն եք: Ինչու՞ եք խոստովանում ձեր անզորությունը։ Ինչու՞ եք ձեր «խորապես» հարգանքով ու խնդրանքով նրան իշխանություն տալիս շեյխի կարգավիճակով նայել ձեր խնդիրներին։
Տարոն Մարգարյանն ո՞վ է՝ Աստծո ներկայացուցի՞չ, որին դուք գահընկեց անել չեք կարող, որի իշխանության հետ դուք կարող եք հաշտվել ու աղաչել, որ ձեզ նկատի ունենա իր ողորմածության գործողություններում։ Եթե դուք Տարոնին եք այդպիսի բառեր ասում, ինչե՞ր կասեք Սերժ Սարգսյանին։ Ինչու՞ եք ցույց տալիս, որ դուք կարող եք իրենց ավելի պարտական լինել, քան իրենք՝ ձեզ։ Դուք մոռացե՞լ եք, թե ձեզնից ով ով է Սահմանադրությամբ։ Ու՞ր է ձեր՝ քաղաքացու արժանապատվությունը։ Ձեր խորապես հարգանքի մեջ արդեն ընտրակաշառվածի էությունն է, դուք հուշում եք, որ հոգեբանորեն ամբողջությամբ պատրաստ եք ծախել ձեր քվեն։ Քանզի եթե նրան խորապես հարգում եք, ուրեմն լրիվ «կողմնորոշվել» եք, թե ում չեք հարգում: Դուք ձեր լիազորությամբ չինովնիկին չեք խնդրում, այլ՝ Պարսից շահին, որին դրել են ձեր գլխին և որին հարգելը այլ զգացում ունենալու ձեր անզորության արտահայտությունն է։ Ես, իհարկե, գիտեմ, որ Տարոնը երբեք էլ լեգիտիմ իշխանության ներկայացուցիչ չի եղել, բայց ձեր խորապես հարգանքը շրջանցում է նրա ոչ լեգիտիմությունը և նրան դարձնում, ասենք, Լիբիայի բռնապետ։ Դուք ցույց եք տալիս, որ այսուհետև ևս ձեր ընտրությունը ոչինչ չի որոշում, դուք Տիրոջ զգացում չունեք ձեր քվեով ձևավորված իշխանության ներկայացուցչի հանդեպ։ Տարոնը պիտի ձեզ խնդրի, ոչ թե դուք՝ իրեն։ Թե՞ նա անուն-ազգանուն ունի, իսկ դուք չունեք։ Ձեր խորապես հարգանքը նրան արդեն օժտել է իշխանությամբ։ Երբ դուք այդ հարգանքը բերանացի փռում եք նրա ոտքերի տակ, նա իրավունք ունի դրա վրայով անցնել, որովհետև ոչ մի ներքին արժեք չկա իմ ոտքի տակ փռված ստրկամտության մեջ։ Երբ դուք նրան բան եք խնդրում, հետն էլ՝ «խորապես» հարգանքով, ցույց եք տալիս ձեր անելանելիությունը դրանով Տարոնին դնելով կրկնակի իշխանավորի վիճակում։
Հայաստանի խնդիրների առյուծի բաժինը քաղաքացի-իշխանավոր հարաբերությունների չկարգավորվածության մեջ է։ Ընդդիմադիր գործիչներին Հ1-ը հրավիրում է եթեր, իսկ իրենք «գոհ ու շնորհակալ» են դրա համար։ Իշխանության հավակնող ընդդիմադիր գործիչը չգիտի, որ իրեն եթեր հրավիրողը Աստված չէ, իր նման մարդ է, ընդ որում երկար ժամանակ չհրավիրելով այդ մարդը զանցել է օրենքը։ Հրավերքի բարոյականությունն անգամ կարող է քաոս ստեղծել, քանի որ միշտ կգտնվեն ոչ հրավիրյալներ: Քաղաքացին, քանի դեռ ձեզանից ոչնչով լավը չէ, ձեզանից մեկն է: Եվ ինքը չի կարող ձեզանից լավը լինել, այդ դուք կարող եք նրանից վատը լինել: Եվ Տարոն Մարգարյանին խորապես հարգող այդ կանայք հենց ներկայացել են որպես նրանից վատը:
Մի վախեցեք խնդիրները հստակ դնել նրա առջև Տիրոջ իրավունքով: Հիշեք, Սահմանադրությունը գրված է նրանց համար, ովքեր իրենց ներսում չեն կարողանում կողմնորոշվել իրավունքների ու պարտականությունների քաոսում: Տարոն Մարգարյանը պարտավոր է հաշվի առնել ձեր խնդիրները անկախ նրանից՝ կբարձրացնեք դուք դրանք նրա առջև, թե՝ ոչ: Դրանց համար ինքը մի ամբողջ աշխատակազմ է պահում, որտեղ դուք տեղ չունեք: Խնդրելով՝ դու նրան խանգարում եք, որ ինքը խնդրի ձեր քվեն: Նա չի կարող տեր լինել համաքաղաքային խորացող խնդիրների հանգույն: Եթե դրանք շարունակում են մնալ չլուծված, դուք նրա հետ կարող եք «խոսել» ընտրատեղամասում ձեր քվեն նրան չտալով: Իսկ երբ խնդրում եք, նախ մատնում եք ձեր դատապարտվածությունը նրան, երկրորդ, մատնում եք ձեր անգրագիտությունը, որ նա անայլընտրանք չէ, երրորդ, նրանից Պարսից շահ սարքելով: Արդյո՞ք այդ դատապարտվածությունը նկատի ունեիք, երբ 22 տարի առաջ «այո» էիք ասում անկախության հանրաքվեին, և, երկրորդ, երբ մյուսների նման չեք լքել այս երկիրը:
Մհեր Արշակյան










