Գլխավոր Լրահոս

Սիրտս ռուսական Վիկիլիքս է ուզում

Երբ Վիկիլիքսը տարիներ առաջ սկսեց գաղտնազերծել ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը, ժամանակի սղության պատճառով չէի հասցրել կարդալ Հայաստանին վերաբերող բոլոր նյութերը: Վերջին չորս-հինգ շաբաթվա ընթացքում հասցրեցի կարդալ դրանք մեկ առ մեկ: Պետք է խոստովանեմ, որ այդ հեռագրերը, հատկապես նրանք, որոնք կրում էին confidential և secret դասակարգումը, ընթերցեցի մեծագույն հաճույքով և ագահությամբ:   

Առաջին տպավորությունս այն է, թե որքան իրականությանը մոտ են ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակը Երևանում ԱՄՆ դեսպանության աշխատակիցները, այդ թվում՝ ժամանակավոր հավատարմանատարներ Էնթոնի Գոդֆրին ու Ջոզեֆ Փենինգթոնը, դեսպան Մարի Յովանովիչը: Անկասկած, ամերիկացի դիվանագետները Երևանից պետքարտուղարություն ուղարկած հեռագրերում իրադարձությունները, դեմքերն ու մեկնաբանությունները ներկայացնում են ամերիկյան հետաքրքրությունների ու շահերի տեսանկյունից, սակայն անգամ այդ դեպքում նրանք իրականությանը հարազատ են մնացել:

Կարդալով գաղտնազերծված փաստաթղթերը՝ հասկանում ես, թե ամերիկացիները ինչպիսի ճնշումներ են բանեցրել հայ դիվանագետների, անգամ նախագահների ու արտգործնախարարների վրա, որպեսզի Երևանը հնարավորինս հեռու մնա Թեհրանի հետ համագործակցության խորացումից:

Զգացվում է ամերիկյան շահագրգռվածությունը Հայաստան-Թուրքիա հարաբերություններ հաստատելու հարցում, մյուս կողմից՝ ակնհայտ է դառնում ամերիկացիների անզորությունը պաշտոնական Անկարայի վրա ճնշումներ բանեցնելու հարցում, որպեսզի վերջինս վերջ տա Հայաստանի շրջափակման քաղաքականությանը: Երևանում ամերիկյան դեսպանատան աշխատակիցները մի շարք անգամ այցելել են Հայաստանի եզդիաբնակ ու քրդաբնակ շրջաններ, որպեսզի տեղում պարզեն՝ արդյոք PKK-ի մարտիկների հետք կա Հայաստանում, ինչպես անհիմն պնդել է Թուրքիան:

Կարդալով գաղտնազերծված փաստաթղթերը, ավելի հասկանալի է դառնում, թե ինչ է կատարվել 2008թ. մարտի 1-ին ու դրան նախորդող ու հաջորդող ժամանակաշրջանում, ինչպիսի անվստահություն են ունեցել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ու Պրահայի գրասենյակի ղեկավար Հրայր Թամրազյանի հանդեպ, ինչպես են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները հանդիպումներ խնդրել Երևանում ԱՄՆ դեսպանության աշխատողներից և պատմել, իրենց տեսնակյունից, իրականությունը:

Վիկիլիքսի փաստաթղթերում բազմաթիվ են այնպիսի հայ գործիչների անունները, ովքեր հրապարակային գործունեությամբ ընկալվել են ռուսամետ, իսկ իրականում ամերիկամետ են: Երբեմն զավեշտալի է կարդալ, թե ինչպես է նախագահականում աշխատող և սրան-նրան «գրանտակեր» որակող հայ պաշտոնյան ամերիկացիներին սիրահոժար պատմում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հակասությունների մասին ու բազմաթիվ այլ «գաղտնիքներ» և թե ինչ արժեք ունի նախագահականում աշխատող հայ պաշտոնյայի ասածները ամերիկացի դիվանագետի համար:

Ինձ վրա ամենացնոցող տպավորությունը թողեց այն հեռագիրը, որտեղ պատմվում էր, թե ինչպես է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը արյունլվա արել 12-ամյա մի երեխայի, որը համարձակվել էր ձեռք բարձրացնել իր զավակի վրա: Մի քանի հեռագրերում մարզպետ Խաչատրյանը ներկայացվում է որպես ավատատեր:

Comment դասակարգման տակ ամերիկացի դիվանագետները օգտագործել են հայ պետական, քաղաքական գործիչների մականուները և մանրամասնորեն ներկայացրել նրանց հանցագործ անցյալն ու ներկան:

Կարդալով Վիկիլիքսի՝ Հայաստանին վերաբերող փաստաթղթերը, մոտս ցանկություն առաջացավ կարդալ նաև Ջուլիան Ասանժի ու նրա թիմի գաղտնազերծած confidential և secret դասակարգմամբ Ադրբեջանին, Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին ու Հայաստանի հետ անմիջական կապ ունեցող այլ երկրների նյութերը: Դրանք հասանելի են համացանցում:

Իհարկե, վատ չէր լինի, եթե մի օր էլ գաղտնազերծվեին ռուսական կամ իրանական դիվանագիտական փաստաթղթերը, որպեսզի այսօր մենք հասկանայինք, թե Հայաստանի ու հայ գործիչների մասին ինչ են  մտածում Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանի և հուսալի հարևան համարվող Իրանի դիվանագետները: Կարճ ասած՝ սիրտս ռուսական Վիկիլիքս է ուզում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում