Գլխավոր Լրահոս

Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն Թուրքիայից պահանջում են վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիները

Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն Թուրքիայից պահանջում են վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիները
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդես են եկել հայտարարությամբ, որով Թուրքիային կոչ են անում Ճանաչել Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայից վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալվածքները, հաղորդում են Մայր Աթոռի մամուլի դիվանից: Հայտարարությունը ներկայացված է ստորև: 2015թ.  հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության: 1915թ. ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, աքսորի ճանապարհներին վերապրած հայերը ապաստան գտան Արևելյան Հայաստանում` ներկայիս Հայաստանի Հանրապետությունում, Սիրիայում, Լիբանանում, արաբական այլ երկրներում ու աշխարհի տարբեր պետություններում: Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես և Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաև եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ և այլն: Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից` «լքյալ կալվածքներ» անվան տակ: Ցեղասպանությունից 98 տարիներ անց Թուրքիո ներկա պետությունը` որպես իրավահաջորդը Օսմանյան կայսրության, ոչ միայն մերժում է իր նախորդների ծրագրած ու իրագործած ցեղասպանությունը, այլև շարունակում է իր հակահայ քաղաքականությունը` բռնագրավված պահելով հայ ժողովրդի կրոնական ու մշակութային արժեքները` եկեղեցապատկան կալվածքներն ու իրերը: Հետևաբար, կոչ ենք ուղղում Թուրքիո պետությանը և պահանջում. 1) Ճանաչել Հայոց ցեղասպանությունը 2) Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց 3) Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները: Աղոթքով հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին` դատապարտում ենք ամեն բռնարարք` ուղղված աստվածապարգև կյանքի, մարդու արժանապատվության և մարդկության խաղաղ համակեցության դեմ, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ` խաղաղության» (Ա Կորնթ. 14.33), որ մարդկանց կոչել է սիրո, համերաշխության և գործակցության: Երախտագիտությամբ ենք հիշում բոլոր ժողովուրդներին ու պետություններին, որոնք Ցեղասպանության օրերին ապաստան տվեցին տեղահանված հայերին և հոգատարություն ու եղբայրական սեր ցուցաբերեցին հայրենազրկված ու տարագրված հայերի հանդեպ: Հայ ժողովուրդը հավետ երախտագետ է լինելու նաև այն բոլոր պետություններին, որոնք մարդասիրության և արդարության սկզբունքներով առաջնորդված` դատապարտել և պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախասեմին մեր բոլոր կարելիությունները ի գործ պիտի դնենք` միասնաբար իրականացնելու հայ ժողովրդի պահանջները` հանուն արդարության և հայության իրավունքների պաշտպանության:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում