Այս տարի ավարտվում են Արժույթի միջազգային հիմնադրամի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» վարկային ծրագրերը։ Կառավարությունը հիմնադրամի հետ սկսել է քննարկել վարկային նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։ Նման քննարկումները, ըստ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի, ԱՄՀ-ի հետ անցկացվում են ցանկացած ծրագրի ավարտից հետո։
Օրերս պատասխանելով լրագրողների հարցին, թե մտադիր է արդյոք կառավարությունը ԱՄՀ-ից վարկային նոր միջոցներ ներգրավել, ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ցանկացած ծրագրի ավարտից հետո այդ ուղղությամբ մշտապես քննարկումներ լինում են։ «Կան մի քանի ծրագրեր, մասնավորապես Stand-By (Օժանդակության վարկային ծրագիր) և EFF (Երկարաձգվող ֆինանսավորման), որոնք իրականացվում են մեզ նման ֆինանսական վիճակում գտնվող երկրներում։ Երկու այդ ծրագրերի հնարավոր տարբերակները մենք քննարկում ենք, և կարող է նոր ծրագիր լինել, կամ չլինել։ Այդ ամենը բանակցությունների ու քննարկումների առարկա է»,– ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, թե հնարավոր նոր վարկային ծրագրի անհրաժեշտությունը պետք է որոշի նոր կառավարությունը։
Անդրադառնալով հարցին, թե ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը Հայաստանի համար ավելի ցածր տնտեսական աճ են կանխատեսում (համապատասխանաբար 4,3% և 5%), քան կառավարությունը դրել է բյուջեի հիմքում (6,2%), Գաբրիելյանն ասաց, որ ներկայում Երևանում են ԱՄՀ հայաստանյան առաքելության ներկայացուցիչները, և վերջիններս հետ քննարկվում են նաև տնտեսական աճի հեռանկարները։ «Մենք առայժմ որպես թիրախային շարունակում ենք դիտարկել 6,2% տնտեսական աճի ցուցանիշը, քանի որ հավատում ենք՝ կանխատեսված 4% տրենդային աճի պայմաններում կարող ենք 1,5-2%-ով գերազանցել այն»,– նշեց Գաբրիելյանը։
ԱՄՀ հայաստանյան առաքելությունը Երևան է ժամանել ապրիլի 18-ին։ Այցի հիմնական նպատակը «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերի կատարողականի գնահատումն է։ $403,8 մլն ծավալով եռամյա այս ծրագրերը ԱՄՀ տնօրենների խորհուրդը հաստատել է 2010թ. հունիսին։ Հայաստանն արդեն ստացել է $324,4 մլն։
Վարկավորման շրջանակում Հայաստանի իշխանությունները պարտավորվել են վարչարարության բարեփոխման ընդգրկուն ծրագիր իրականացնել՝ ուղղված հարկաբյուջետային քաղաքականության ճշգրտմանն ու միջնաժամկետ հեռանկարում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին, պետական ներդրումների ավելացմանը, հարկային ռեժիմի, կանոնակարգերի, հաշվետվական պահանջների պարզեցմանն ու մրցակցության բարձրացմանը։
Ի դեպ՝ Հայաստանում վարկային նոր ծրագրի մասին որոշում ընդունելիս ԱՄՀ-ում հաշվի են առնելու նախորդ ծրագրերի, մասնավորապես «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերի կատարողականը։

Civilnet










