Գլխավոր Լրահոս

Երևանի գլխավոր խնդիրն այն է, որ նրան լուրջ չեն վերաբերվում

Երևանի գլխավոր խնդիրն այն է, որ նրան լուրջ չեն վերաբերվում

Երևանի գլխավոր խնդիրն այն է, որ նրան լուրջ չեն վերաբերվում: Ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջատար, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ պետք է փոխել քաղաքի կառավարման գաղափարախոսությունը և Երևանին մոտենալ որպես ամբողջ հայության մայրաքաղաքի:

Հարցին, թե միայն արտգործնախարար լինելը կօգնի արդյոք ավելի լավ կառավարել Երևանը, Օսկանյանը նշեց, որ եթե քաղաքապետի պաշտոնը դիտարկվի միայն կենցաղային խնդիրները լուծելու տեսանկյունից, ապա ինքն այնտեղ անելիք չունի: Սակայն քաղաքապետի լիազորությունների շրջանակը, ԲՀԿ ներկայացուցչի համոզմամբ, ավելի լայն է և ներառում է նաև քաղաքական խնդիրներ:

«Մենք քաղաքի ընտրություններին ուրիշ կողմից ենք նայում, դրանք և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ քաղաքային են»,- նկատեց Օսկանյանը` հավելելով, որ արտգործնախարար աշխատած տարիների փորձը կօգնի իրեն` խթանելու Երևանի արտաքին կապերը:

Դիտարկմանը, որ այսօր քաղաքապետը և քաղաքապետարանը կախվածություն ունեն նախագահից և իշխող կուսակցությունից՝ Օսկանյանը նշեց, որ երբ քաղաքապետը իշխող կուսակցության անդամն է լինում, բնական է, որ ցանկացած ազդեցություն կարող է լինել նրա վրա, իսկ եթե քաղաքապետը ԲՀԿ անդամ է, ապա ՀՀԿ-ի որոշումները չեն ազդի նրա վրա: Եվ այս պարագայում, ըստ նրա, կարևոր է քաղաքական  մենաշնորհի վերացումը:

Նախկին արտգործնախարարի խոսքով՝ քաղաքապետարանը քաղաքային բյուջեն վատնում է անխնա` որպես օրինակ նշելով գործուղումների վրա ծախսված գումարը,  ինչը համարժեք է արտաքին գործերի նախարարության կատարած ծախսերին:

Անդրադառնալով ընտրակաշառքների խնդրին` Օսկանյանը նշեց, որ իրենք այս օրերին շատ զգույշ են, որպեսզի իրենց հիմնադրամի կողմից կատարվող բարեգործությունը չներկայացվի որպես ընտրակաշառք:

Հարցին, թե ինչ կանի քաղաքապետ ընտրվելուց հետո, Օսկանյանը նշեց, որ նախ կփոխի կառավարման փիլիսոփայությունը, երկրորդ` հիմնական թիրախը կլինի արժանապատիվ քաղաքացին և երրորդ՝ կվերացվեն բյուրոկրատական քաշքշուկները:

Օսկանյանը խոսք տվեց, որ ընտրվելու դեպքում ինքը շաբաթը մեկ-երկու անգամ աշխատանքի կգնա քաղաքային տրանսպորտով:

Նա նշեց նաև, որ ոչ իշխանական ուժերի հետ ամեն ինչ անելու է` ընտրությունների ընթացքը վերահսկելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում