Գլխավոր Լրահոս

Վերջնական ցուցակներում մահացածի տվյալները առկա չեն լինի. ոստիկանություն

Վերջնական ցուցակներում մահացածի տվյալները առկա չեն լինի. ոստիկանություն

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել, որ Երևան քաղաքի Արագածի փողոց տուն 67 հասցեի բնակիչ Զաքար Սուրենի Բարեղամյանը մահացել է, սակայն վերջինիս անունը առկա է ընտրացուցակում:

ՀՀ ոստիկանությունը, ըստ պաշտոնական կայքի, պարզաբանում է, որ Զաքար Սուրենի Բարեղամյանը մահացել է 26.04.2013 թ.: Վերջինիս անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստրի համակարգում և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում ներդրված նոր ավտոմատացված համակարգի միջոցով ՔԿԱԳ մարմնի կողմից Երևան քաղաքի Արագածի տուն 67 հասցեի հաշվառումից հանվել է 27.04.2013 թ.-ին` Երևանի ավագանու նախնական ընտրացուցակները հրապարակելուց հետո (նախնական ցուցակները հրապարակվել են 27.03.2013 թ.-ին): Վերջնական ցուցակները հրապարակելիս` Զ. Բարեղամյանի տվյալները առկա չեն լինի ընտրացուցակում:

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է նաև զանգվածային լրատվության միջոցներով տարածված մեկ այլ տեղեկության. նշված էր, որ Շենգավիթ համայնքի Կողբի 2-րդ փողոց, 1Ա հասցեում հաշվառված Վահան Վոլոդյայի Մելիքբեգյանը, Վարդան Վոլոդյայի Մելիքբեգյանը և Վարուժան Վոլոդյայի Մելիքբեկյանը առնվազն 10 տարի առաջ վաճառել են բնակարանը, դուրս եկել գրանցումից և հեռացել Հայաստանի Հանրապետությունից, բայց նրանց անունները շարունակում են մնալ ընտրացուցակում:

Ըստ հայտարարարության՝ նշվածի մասին լիազոր մարմնին տեղեկացվել է նախորդ 2 համապետական ընտրությունների ժամանակ, սակայն հիշյալ քաղաքացիների տվյալները դեռևս շարունակվում են մնալ ընտրացուցակում:

Հայտարարությամբ նշված անձինք Շենգավիթ համայնքի Կողբի 2-րդ փողոց, 1Ա հասցեի նախկին բնակիչներ են և բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել են դեռևս 1986 թ.-ին` օրենսդրությամբ սահմանված կարգով: 

ՀՀ ոստիկանությունը, ինչպես ՀՀ Նախագահի  ընտրությունների ընտրական գործընթացի շրջանակներում, այնպես էլ ներկայումս, կրկին անգամ պարզաբանում է, որ բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմինը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ` առանց բնակելի տարածության սեփականատիրոջ դիմումի անձին հանելու հաշվառումից: Սեփականատիրոջ դիմումի հիման վրա հաշվառումից հանելու ընթացակարգը հստակ սահմանված է ՀՀ կառավարության 2005 թվականի հուլսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ: Անձնագրային և վիզաների վարչությունում, Շենգավիթի անձնագրային բաժանմունքում վերը նշված հասցեի սեփականատիրոջ կողմից երբևէ նման դիմում չի ներկայացվել: 

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունից քաղաքացիների մեկնելը ՀՀ օրենսդրության համաձայն՝ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանելու իրավական հիմք  չի հանդիսանում:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:

ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ կենտրոնական ռեգիստրը տեղեկատվությունն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում տեղեկացնում է այն տեղական ռեգիստրին, որտեղ մինչև այդ հաշվառված է եղել դիմողը:

Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից` հաշվառելով օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեով:

Քանի դեռ անձը վերը նշված իրավական ակտերի պահանջների պահպանմամբ չի դիմել օտարերկրյա պետության հասցեով հաշվառվելու համար, անձնագրային ծառայությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ կատարելու հասցեափոխություն: 

Կենտրոնական ռեգիստրը վարող մարմինը հյուպատոսական ծառայություններից և դիվանագիտական ներկայացուցչություններից հրապարակման մեջ նշված անձանց վերաբերյալ օտարերկրյա պետության բնակության հասցեի վերաբերյալ երբևէ տեղեկատվություն չի ստացել:

Հետևաբար` ընտրողների ցուցակում բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող անձանց անհատական տվյալների առկայությունը իրավաչափ է և ՀՀ ընտրական օգրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում