Գլխավոր Լրահոս

Պատասխան Աշոտյանի քննադատությանը

Պատասխան Աշոտյանի քննադատությանը

«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում արել է հետևյալ գրառումը` պատասխանելով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ավելի վաղ կատարած գրառմանը:

Աշոտյանի հետ համաձայն եմ: Մեր հեռուստաալիքը երբեմն անհրաժեշտ բարձրության վրա չի:

Երբ Տարոն Մարգարյանը ցույց է տալիս մի քանի միլիոն դոլարի անհայտ ծագման ունեցվածք, և հեռուստաընկերությունը լրագրողական հետաքննություն չի անում՝ պարզելու համար այդ միլիոնների ծագումը, իրոք լավ չէ:

Երբ միջին աշծատավարձը 200 դոլարի չի հասնում, իսկ քաղաքապետարանը 500 դոլար է ծախսում մեկ շանը սպանելու համար, իսկ մեր հեռուստաընկերությունը լրագրողական հետաքննություն չի անցկացնում, պարզելու համար, թե քաղաքապետարանն ինչ տարօրինակ քիլերներ է վարձել շներին սպանելու համար, նույնպես լավ չէ:

Երբ ձեր թիմակիցները ծեծում են երիտասարդ ակտիվիստին նրա կնոջ ներկայությամբ, ծեծում են լրագրողին և մինչև հիմա ազատ ման են գալիս, ապա մեր հեռուստաընկերության մեղքն այն է, որ նրանց անունները մինչև հիմա ամբողջ հայությունը չգիտի:

Մինչև հիմա լրագրողական մակարդակում մենք բավարար չափով հարցադրումներ չենք արել, թե ինչպես մեր աղքատ երկրում Երևանի քաղաքապետը, վարչապետը, ձեր ԱԺ ցուցակի գեներալները, որ բացի պետական ու զինվորական ծառայությունից ոչ մի այլ բանով չեն զբաղվել, պաշտոնապես միլիոնատերեր են:

Ես ընդունում եմ մեր մեղքը, շնորհակալ եմ քննադատության համար:

Համաձայն եմ նաև Աշոտյանի հետ այն հարցում, որ մեր երկրում խոսքի ազատությունը մեկ քայլ առաջ է գնացել: Սա անհերքելի իրողություն է, և իշխանություններն այստեղ ունեն իրենց լուրջ ներդրումը: Սակայն նախընտրական այս շրջանում Տարոն Մարգարյանի համեմատաբար քիչ երևալը հեռուստաեթերում ոչ թե խոսքի ազատության արգասիք է, այլ այն պարզ տրամաբանության շարունակությունը, որից ելնելով, նախագահ Սերժ Սարգսյանը պառլամենտական ընտրարշավի ժամանակ ոչ մի հանրապետականի թույլ չտվեց ոչ միայն ժողովրդի հետ անմիջական շփվել, այլև անգամ իր կողքին կանգնել: Վստահ եմ Ձեր մտքի ճկունությունն անմիջապես կըմբռնի՝ ինչու:

Եվ որպես ՀՀԿ քարոզարշավի պատասխանատու, երբ Ձեր թիմակիցներին հարցնում են՝ որտեղից քաղաքապետին միլոիններ, մի պատասխանեք՝ դիմեք իրավապահ մարմիններին: Մայիսի 5-ին մենք ընտրելու ենք ոչ թե իրավապահ մարմիններ, այլ քաղաքապետ:

Մի ասեք, որ սա ընդդիմության կամ Բարգավաճի կազմակերպած սև PR-ն է: Տարոն Մարգարյանի հայտարարագիրը Նաիրա Զոհրաբյանը չի լրացրել, միլիոններն էլ Գագիկ Ծառուկյանը չի նվիրաբերել: Եվ եթե ԲՀԿ-ում ինչ-որ մեկը հարկեր չի մուծում, ինչ-որ մեկը որևէ օրենք է խախտում, գնացե՛ք և ստուգե՛ք, կիրառե՛ք օրենքի ողջ խստությունը: Իսկ եթե Դուք նման փաստեր գիտեք և ոչ մի գործողություն չեք նախաձեռնում, ուրեմն կա՛մ մեղսակից եք, կա՛մ անգործունյա: Նկատի ունեմ համապատասխան իշխանություններին:

Միայն չհասկացա «աղմկոտ հեռուստաեթերի» մասին Ձեր գրառումը: Հեռուստատեսային ողջ եթերն աղմկոտ է, նույնիսկ երբ ГЦП ես միացնում: Միակ դեպքը, որի ժամանակ աղմուկ չի լինում, երբ մեկը մահանում է, և հեռուստաեթերը մեկ րոպե լռությամբ հարգում է վերջինիս հիշատակը: Չէի ցանկանա, որ Ձեր քաղաքական թիմի կարիերան նման եթերի արժանանար:

Ուրբաթ օրը՝ քարոզարշավի ավարտին, ես հրավիրել եմ բոլոր թեկնածուներին և կուսակցական լիդերներին բաց բանավեճի: Բոլորն ընդունել են հրավերը, բացի հանրապետականից: Ես չեմ աղմկելու, միմիայն թեկնածուները: Խոստանում եմ ժամանակի և պայմանների հավասարություն, մանավանդ, որ ուղիղ եթեր է լինելու: Ելնելով մեր հեռուստատեսության և խոսքի ազատության նկատմամբ Ձեր խորագույն հոգատարությունից՝ վստահ եմ՝ կընդունեք այս հրավերը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում