ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը մայիսի 2-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը` Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ, հաղորդում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից: Պատվիրակությունը ժամանել է` հետևելու մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքին:
Արմեն Գևորգյանը նախ շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի կողմից Հայաստանի կառավարության հրավերի ընդունման և դիտորդական առաքելության իրականացման համար: Նա հյուրերին տեղեկություններ է ներկայացրել ընտրական գործընթացի մասին` նշելով, որ Երևանի ավագանու ընտրությունները ևս, ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունները, անցկացվում են նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, որն անհրաժեշտ պայմաններ է ապահովում ազատ և արդար ընտրությունների իրականացման համար:
Արմեն Գևորգյանը նշել է, որ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են բավականին ուժեղ մրցակցային պայմաններում: Առաջադրվել է յոթ քաղաքական ուժ, որոնք ակտիվ քարոզարշավ են իրականացնում, այդ թվում` հեռարձակվող լրատվամիջոցներով: Բոլոր ուժերը հավասարապես ունեցել են սահմանված հնարավորությունները` ինչպես առաջադրվելու, գրանցվելու, այնպես էլ քարոզչություն իրականացնելու առումով:
Ընտրական հանձնաժողովներում ևս ոչ իշխանական քաղաքական ուժերը բավականին մեծ ներկայացվածություն ունեն, ինչը թույլ կտա լուրջ վերահսկողություն իրականացնել ինչպես հանձնաժողովների աշխատանքի, այնպես էլ ընտրական գործընթացի նկատմամբ:
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են արդեն երկրորդ անգամ և, ըստ Արմեն Գևորգյանի, Երևանի ՏԻ մարմինների ձևավորման մոդելը կայանում է ու հետագայում հնարավոր է կիրառվի հանրապետության մյուս խոշոր քաղաքների դեպքում ևս:
Civilnet











