Տարեսկզբից ավելի շատ մարդ է լքել Հայաստանը, քան ամբողջ 2012թ. ընթացքում: Մայիսի 2-ին Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Հայաստանը կանգնած է սոցիալ-տնտեսական անդունդի եզրին»,- ասաց Զոհրաբյանը` նշելով, որ այս ընտրություններով Հայաստանի և Երևանի պատմության մեջ նոր էջ բացելու հնարավորություն կա:
Նա հայտարարեց, որ իրենք Երևանը վերադարձնելու են իրական տերերին և ամուր, նոր էջ են բացելու մայրաքաղաքի զարգացման մեջ:
Ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը նշեց, որ հանդիպման նպատակը հասարակությանը տեղեկացնելն է, թե ինչ են իրենք ուզում և ինչ չեն ուզում: Նրա խոսքով՝ իրենք ուզում են այն, ինչ ցանկանում է ամեն մեկը, սակայն չեն ուզում, որ «ամեն օր, ամեն րոպե Հայաստանը մաշվի»:
Արսենյանը նշեց, որ 2003թ. ԱԺ-ում իր առաջին ելույթը նվիրված էր արտագաղթին և այդ ժամանակ ինքը նշել էր, որ արտագաղթը դառնալու է Հայաստանի համար մեկ խնդիրը:
«Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք: Եվ բոլորը գիտեն, երբ չկան մարդիկ, չկա երկիր»,- ասաց նա:
Արսենյանը կոչ արեց ներկաներին փոխել ներկայիս վիճակը և նշեց, որ համակարգային խնդրի դեմ կարելի է պայքարել միայն համակարգով, և դա պետք է անել ընտրությունների միջոցով:
«Ով մայիսի 5-ին քվեարկեց գործող իշխանության օգտին, իր վրա պատասխանատվություն է վերցնում, որ համաձայն է գործող համակարգի հետ»,- ասաց նա՝ խնդրելով բոլորին մասնակցել ընտրությանը և «ձայն չտալ այն իշխանությանը, որի գործունեությունից բոլորը դժգոհ են»:
Civilnet











