Գլխավոր Լրահոս

Ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել

Ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը. տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից: Քննարկվել են մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքներն ու անելիքները:  

Անդրադառնալով ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին` Հունան Պողոսյանը խորհրդակցության մասնակիցներին փոխանցել է ոստիկանության պետի պահանջը` ընտրությունների ընթացքում օպերատիվ իրավիճակի վերահսկելիության, կարգուկանոնի պահպանման պատասխանատուները կրելու են անձնական պատասխանատվություն, ոստիկանության գործունեության գլխավոր սկզբունքը լինելու է հետևյալը` աշխատել առանց բացառության բոլոր ուղղություններով, հայտնաբերել ցանկացած իրավախախտում, քննարկման առարկա դարձնել ցանկացած ահազանգ, իսկ թյուրիմացություններն ու տարակարծությունները բացառելու նպատակով ամբողջ տեղեկատվությունը օպերատիվ կերպով հասցնել հասարակությանը:

Հունան Պողոսյանն անդրադարձել է նաև ուղեցույցներին` նշելով, որ դրանք ինքնանպատակ չեն ստեղծվել, դրանցով պետք է առաջնորդվել պրակտիկ գործունեության ընթացքում: Անդրադառնալով իրենց օրենքից վեր դասողներին, ովքեր կփորձեն խոչընդոտել ընտրությունների բնականոն աշխատանքը, կփորձեն ստվեր գցել ընտրությունների վրա` Հունան Պողոսյանն ասել է. «Կան մարդիկ, որ երևի թե մտածում են, որ իրենք հատուկ ուշադրության են արժանի: Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումների պետեր, հիմնականում ցուցումը ձեզ է վերաբերում. եթե նրանք այդպես են կարծում, ուրեմն իրենց արժանացրեք այդ հատուկ ուշադրությանը` օրենքով սահմանված կարգով, բոլոր թույլատրելի մեթոդներով:  Յուրաքանչյուր ոք, ով կփորձի շրջանցել օրենքը, զբաղվել հանցավոր ինքնագործունեությամբ, կտրուկ արձագանքի պետք է արժանանա»:

Հիշեցնելով ոստիկանության պետի ցուցումը` ծառայելով օրենքին` ծառայում ենք ժողովրդին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը վստահեցրել է, որ ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելուն անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկված են: Ընտրությունների նախապատրաստական աշխատանքները ոստիկանության պետի ուշադրության, հսկողության կենտրոնում են, իսկ խնդիրը մեկն է` ամեն օր պետք է քայլ անել բարձրացնելու ոստիկանության հեղինակությունը:  

Մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները ներկայացրել է ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը: 

Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը` Հունան Պողոսյանը վերստին ընդգծել է ոստիկանության ապաքաղաքական, ապակուսակցական գործունեությունը, նշելով, որ ոստիկանության խնդիրը օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի իրականացումն է, և ոստիկանությունը վճռական է լիարժեք կատարել արդար, թափանցիկ, օրինակելի ընտրություններ ապահովելու իր պարտքը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում