Հաջողության հասնելու համար կարևոր է, թե ով է ներկայացնում թիմը. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Մենք ներկայացնում ենք Արմեն Երիցյանին, ով այն առաջնորդն է, որ կարող է Երևանի խնդիրները լուծել: Եթե նա 7000 հոգանոց նախարարությունը շատ լավ կառավարում է, որ այլ երկրներից գալիս են մեր կառավարման համակարգը տեսնելու, ո՞նց կարող է լինել վատ քաղաքապետ»,- նշեց նա:
Բաղդասարյանը թվեց Արմեն Երիցյանի կատարած աշխատանքի դրական արդյունքները. «911 ծառայությունը ստանում է ավելի շատ զանգեր, քան մյուս բոլոր գերատեսչությունները, կառուցվելու է հայ-ռուսական մարդասիրական բազա, ավերված վիճակից ոտքի է կանգնում Գառնիի դիտարանը, որ գրանցում է երկրակեղևի բոլոր ցնցումները, բայց լրիվ, հիմնահատակ ավերված էր: Ոտքի է կանգնում նաև Բյուրականի դիտարանը. դա, ճիշտ է, արտակարգ իրավիճակների նախարարության հետ կապ չունի, բայց մենք մի քանի խորհրդակցություններ ունեցանք ազգային անվտանգության խորհրդում դա կազմակերպելու համար: Բյուրականում մարդիկ իրերը կապել-գնում էին, կարողացանք կանխել դա»,- ասաց նա:
Անդրադառնալով Երևանի տրանսպորտի խնդիրներին՝ Բաղդասարյանն ասաց. «Առաջին. գծի տերեր պիտի չլինեն: Երկրորդ. մարշուտնին գնում-հասնում է մի թաղ, մի հինգ հարյուր մետր չի բարձրանում. դրա համար ի՞նչ է պետք, օրե՞նք, մի րոպեում այդ հարցը կարելի է լուծել: Ես ասում եմ, պիտի հրապարակենք, ասենք՝ էս գիծը էս մարդունն է: Եկեք, մենք մեր երկրում ներդաշնակության գանք, բոլոր այդ այլանդակ, անճոռնի երևույթներին հրապարակենք»,- առաջարկեց նա:
Հաղորդավարի դիտարկմանը, թե ընդդիմադիր երիտասարդներին ծեծողների մասին խոսվեց, սակայն թե նրանք անպատժելի են մնում, թե երևույթն է շարունակվում, Բաղդասարյանն արձագանքեց. «Ինչքան գիտեմ, այդ առումով քրեական գործ է հարուցվել: Եվ եթե մի «թաղի տղայի» ականջը քաշեն, մյուսին էլ դատեն, դատապարտեն, արդեն այլևս նման բան չի լինի: Ամեն տեղ պետք է լինի կարգուկանոն: Ո՞նց կարելի է, ենթական չլսի վերադասին, բայց հիմա նման ոլորտներ կան, չէ՞: Բաներ են ասվում, բայց ոչինչ չի արվում»:
Խոսելով Երևանի բյուջեի ոչ արդյունավետ ծախսման մասին՝ նա նշեց, որ իրեն էլ զարմացրել է, որ մեկ շան սպանդի համար հատկացված է եղել Դ200 հազար, և այդ մրցույթը միշտ նույն մարդն է շահել. իր խոսքով՝ նախատեսում են ուսումնասիրել խնդիրը:
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի
Civilnet











